
Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել նաև համահայաստանյան բանակումի փակման արարողությանը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Բյուրականի բանակավայր, որտեղ ս.թ. օգոստոսի 18-ից հերթական համահայաստանյան բանակումին մասնակցում է 12-17 տարեկան ավելի քան 300 սկաուտ, ինչպես նաև արդեն երկրորդ տարին «Խաղաղության սուրհանդակներ» նախագծում ընդգրկված՝ Հայաստանի տարբեր մարզերի սոցիալական խնամքի հաստատությունների երեխաներ, հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Հանրապետության Նախագահը ողջունել է բանակումին մասնակցող սկաուտներին, շրջայց կատարել բանակավայրի տարածքում, ծանոթացել պայմաններին և սկաուտների առօրյային:
ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը 2011թ. անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված մեկ հեկտար հողատարածքի վրա ստեղծված բանակավայրում նվիրատվության շնորհիվ, ըստ պատասխանատուների, հնարավոր է դարձել այս տարվա բանակումին ավելի մեծ թվով սկաուտների հյուրընկալել: 2014թ. մարտի 29-ից բանակավայրում ՀՀ Նախագահի հովանու ներքո և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են հուլիսի 29-ին: Նախագահը բացել է բանակավայրի նոր տարածքի գործունեությունն ազդարարող ցուցատախտակը: Կառուցապատված տարածքն այժմ կարող է ընդունել շուրջ 400 մասնակցի:
Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել նաև համահայաստանյան բանակումի փակման արարողությանը: