Բաժիններ՝

Նարեկ Սարգսյանը՝ Հյուսիսային պողոտայի, Աֆրիկյանների շենքի և «Զվարթնոց» համալիրի քանդման մասին

«Պետք է հիասթափեցնեմ ձեզ, որ առաջիկայում ոչ մի հեղինակավոր և պատմամշակութային նշանակության շենք չի քանդվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե առաջիկայում ի՞նչ պատմամաշակութային նշանակության շենք է քանդվելու Երևանում:

Խոսելով Հյուսիսային պողոտայում իրականացվող շինարարության մասին՝ Նարեկ Սարգսյանը նշեց, որ այնտեղ առաջին անգամ թփերի փոխարեն լինելու են ծառեր. «Սա նա է, ինչ մենք միշտ ուզել ենք, բայց հիմա է դարձել հնարավոր: Արտաքին լուսավորության բոլոր էլեմենտներն են փոխվելու, լինելու է նոր լուսավորություն: Լինելու են նաև որոշակի թարմ և ժամանակակից ձևով արված քանդակներ: Քանդակների մասով կարող եմ ասել, որ դեռ 2-3 տարի առաջ Հակոբ Հակոբյանի կողմից եղել են առաջարկներ: Մենք քննարկել ենք, և ընտրել ենք այդպիսի քանդակներ: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի Մերգելյան ինստիտուտից բերել Երվանդ Քոչարի կիբերնետիկայի լուսային քանդակը, ինչպես նաև այլ քանդակներ»:

Նախարարի խոսքով՝ Հյուսիսային պողոտայի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի կեսերին, բայց լրացուցիչ աշխատանքներ դեռ կլինեն՝ քանդակների տեղադրելու մասով. «Եվմենք ուզում ենք նախարարության կողմից աշխատանքներ կատարենք, որպեսզի Հյուսիսային պողոտայում կարողանանք ուղղաձիգ կանաչապատում ապահովել՝ հատկապես խուլ պատերի վրա: Դրա տեխնոլոգիաներն արդեն Հայաստանում կան, մասնավորապես, Դիլիջանի դպրոցում արդեն սկսել են կիրառել»:

Նախարարն ասաց նաև, որ «Հին Երևան» նախագծի հաստատումից հետո առաջինը ձեռնամուխ կլինեն Աֆրիկյանների շենքի վերականգնմանը, ապա մնացած ծրագրերին.
Նարեկ Սարգսյանը ասաց, որ «Զվարթնոցի» համալիրի քանդման հարց այս պահին դրված չէ: «Այս պահին քաղաքապետարանի ճարտարապետական կառույցի աշխատակիցների հետ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի շենքի բազրիքների քանդման հարցը: Բայց այս պահին օդանավակայանի շենքի քանդման խնդիր չկա»:

Խոսելով կիսակառույցների մասին՝ Ն. Սարգսյանն ասաց, որ իրենք պարծենալու ոչինչ չունեն այս հարցով. «Երիտասարդական պալատը չի կառուցվում, «Սևան» հյուրանոցի շուրջը չի կառուցվում, տարբեր տեղեր կան, որ չեն կառուցվում: Այս խնդիրը մենք բարձրացրել ենք: Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մենք հետևողական ենք, որ կիսակառույցների խնդիրը լուծվի»:

Նա նշեց, որ իրենք այլ քայլեր են արել վերջին մեկ ամսում և կառավարություն են ներկայացրել. «Բոլոր շինհրապարակները, որոնք տարիներ շարունակ կան և զբաղեցնում են մայթեր և հանրային տարածքներ, որ հնարավոր լինի այդ տարածքների համար նրանք վարձակալության լուրջ գումարներ վճարեն, կամ բարի լինեն, իրենց կառույցն իրականացնել: Բայց որ խնդիրը կա, և այդ խնդրի վերաբերյալ անպայման առաջարկներ կունենանք և խիստ ուշադրության տակ կպահենք, դա միանշանակ է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս