Տեղի ունեցավ ՀՀ 2014 թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Երեւան քաղաքի հանձնաժողովի նիստը

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2014թ. աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Երեւան քաղաքի հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նիստին մասնակցում էին Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ ոստիկանության Երեւանի ոստիկանության վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, Երեւանի վարչական շրջանների ղեկավարներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ԱՎԾ ներկայացուցիչներ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախագահ Ստեփան Մնացականյանը տեղեկություններ ներկայացրեց ԳՀՀ-ի անհրաժեշտության, նպատակների, Երեւանում ԳՀ հաշվառման իրականացման մեթոդների եւ ժամկետների վերաբերյալ:

Քննարկվեց այս աշխատանքներում Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների հետ համագործակցության եւ նրանց կողմից աջակցության հարցը: Մասնավորապես, ԱՎԾ նախագահ Ս. Մնացականյանը տեղեկացրեց, որ գործընթացի կազմակերպման համար Երեւանում անհրաժեշտ կլինի ստեղծել հաշվառման եւ հրահանգչական 107 տեղամաս եւ այս հարցում ակնկալեց վարչական շրջանների ղեկավարների աջակցությունը: Հանձնաժողովի նախագահ Վ. Տերտերյանն առաջարկեց անհրաժեշտ տարածքների ցանկը տրամադրել վարչական շրջանների ղեկավարներին, որոնք էլ կզբաղվեն տեղամասերի համար համապատասխան տարածքների տրամադրման հարցերով եւ կաջակցեն գործընթացին:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ԳՀՀ–ի իրականացման աշխատանքներում համապատասխան աշխատակիցների ընդգրկման հարցին: Նշվեց, որ նախնական տվյալներով կպահանջվի ներգրավել շուրջ 688 աշխատակից:

Այս հարցում Վ. Տերտերյանն առաջարկեց օգտվել վարչական շրջանների ղեկավարների ունեցած մարդկային ռեսուրսից եւ հանձնարարեց տասնօրյա ժամկետում ներկայացված պահանջներին համապատասխան թեկնածուների մասին առաջարկություն ներկայացնել ԱՎԾ Երեւանի տարածքային կենտրոն:
Հանձնաժողովի նիստում քննարկվեց գործընթացի մասին բնակչության շրջանում բացատրական աշխատանքների իրականացման, հանրային իրազեկման միջոցառումների անցկացման անհրաժեշտության հարցը:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարեւորեց ԳՀ հաշվառման նախապատրաստական եւ անցկացման աշխատանքների կազմակերպված իրականացումը եւ այս առումով ընդգծեց պատասխանատու բոլոր կառույցների համակարգված աշխատանքի կարեւորությունը: Նա Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին առաջարկեց յուրաքանչյուր վարչական շրջանում նշանակել գործընթացը համակարգող պատասխանատու պաշտոնյա եւ վստահեցրեց, որ թե ԱՎԾ-ի, թե հանձնաժողովի կողմից մեթոդական, կազմակերպչական աջակցություն կցուցաբերվի:
Նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2013թ.ապրիլի 25-ի 402 –Ն որոշման` Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում կանցկացվի 2014 թ. հոկտեմբերի 11-31-ը: Հայաստանում այն անցկացվում է առաջին անգամ, ակնկալվում է, որ ԳՀՀ-ն հնարավորություն կընձեռի բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը, ձեւավորել տվյալների համակարգ, բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս