Բնակչության զբաղվածության մակարդակը ԼՂՀ-ում

Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 61 157 մարդ։ Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլյա Պետրոսյանը:

Նրա հաղորդմամբ՝ նշված ժամանակամիջոցում զբաղվածների թվաքանակը կազմել է 58 924 մարդ, այդ թվում՝ 43 684 հոգի կամ 74,1 տոկոսը վարձու աշխատողներ են (ներառյալ անհատ ձեռնարկատերերը), իսկ 15 240-ը կամ 25,9 տոկոսը ինքնազբաղվածներն են՝ մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում։

Ծառայության բաժնի պետի տեղեկատվությամբ՝ հուլիսի 1-ի դրությամբ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնում հաշվառման են կանգնել 2 537 չզբաղված քաղաքացիներ, որոնց 88 տոկոսը ստացել է գործազուրկի կարգավիճակ։ Չզբաղվածների թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 16,6 տոկոսով։ Ընդ որում, աշխատանք փնտրող քաղաքացիների թվաքանակի աճ գրանցվել է Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում՝ համապատասխանաբար՝ 2.1, 4.4 և 16 տոկոս, իսկ գործազուրկների թվաքանակի աճ՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջաններում, համապատասխանաբար՝ 2.1 , 9.8 , 9.1 և 16 տոկոս։

Լ. Պետրոսյանի խոսքով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված 2233 գործազուրկներից միայն 3.9 տոկոսն է նպաստառու (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 290-ով կամ 76.9 տոկոսով քիչ)։

Նշենք, որ նշված ժամանակահատվածում ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժին դիմած քաղաքացիներից 48-ն ապահովվել է աշխատանքով։

Տեսանյութեր

Լրահոս