Սահմանվում է ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագին

Ստեփանակերտ քաղաքում ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագին սահմանելու հետ կապված խնդիրներին էր առնչվում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի հրավիրված էին նաև «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ և «Մհեր» ՍՊԸ ղեկավարները:
Քաղաքապետն իրազեկեց, որ հիշյալ ընկերություններից հայտեր են ստացվել, թե 7 տարուց ավելի է, ինչ ներքաղաքային ավտոբուսային երթուղիների սպասարկումը մեկ ուղևորի հաշվով իրականացվում է 70 դրամ փոխադրավարձով, ինչը, նրանց համոզմամբ, չի համապատասխանում կատարված ծախսերին: Ըստ փոխադրողների հաշվարկների, անհամեմատ աճել են վառելիքի և պահեստամասերի սակագները, ավելացել սպասարկման ծախսերը, մինչդեռ փոխադրումների սակագինը մնացել է անփոփոխ: Հաշվի առնելով այդ իրողությունները, յուրաքանչյուր ուղևորի փոխադրման համար «Մհեր» ընկերությունն առաջարկում էր սահմանել 112, իսկ «Ստեփանակերտ-Սերվիս» ձեռնարկությունը` 120 դրամ:

Երկարատև քննարկումների արդյունքում քաղաքապետը որոշեց Ստեփանակերտ քաղաքում ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների սակագինը սահմանել 100 դրամ: Նա ընդգծեց, որ ուղևորների փոխադրման սակագնի բարձրացումը` 30 դրամով հիշյալ ընկերություններին պետք է սթափեցնի` առավելագույն բարեխղճություն դրսևորել և պայմանագրային բոլոր պարտավորությունները կատարել անթերի, մայրաքաղաքում ապահովելնակչության լիարժեք սպասարկում: Նա ավելորդ չհամարեց հիշեցնել, որ օրինազանց վարորդների, ընդհանրապես փոխադրողների նկատմամբ տույժերից և տուգանքներից զատ, իրագործվելու են վարչական մի շարք տույժեր, իսկ քաղաքային տրանսպորտի երթուղիների կանոնակարգման վերաբերյալ կսահմանվի խիստ վերահսկողություն:

Որպեսզի ներքաղաքային ավտոբուսների կողմից ուղևորափոխադրումներն իրականացվեն պատշաճ որակով, քաղաքապետն անխուսափելի համարեց ճանապարհների և փողոցների բարեկարգման ծրագրի իրագործման անհրաժեշտությունը` շեշտելով, որ «փողոցները մշտապես պիտի լինեն նորոգ ու երթևեկելի, իսկ բնակչությունը` օրեցօր բարելավվող սպասարկումից իրոք զգա, թե ինչով է պայմանավորված փողադրումների սակագնի փոփոխությունը»:
Հավելենք, որ մայրաքաղաքում ներաքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագինը կգործի ս.թ. հոկտեմբերի 1-ից:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար

Տեսանյութեր

Լրահոս