Հայաստանի դեսպանը ՄԱԿ ԱԽ-ում բարձրացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և Իրաքի եզդիներին անհապաղ աջակցություն ցուցաբերելու հարցերը
Օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ինչպես նաև շուրջ վեց տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:
Նիստին երլույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ով գոհունակություն հայտնեց բաց քննարկման նախաձեռնման համար՝ կարևորելով հակամարտությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԻ գերագույն հանձնակատարի դերակատարությունը:
Հայաստանի դեսպանն ընդգծեց, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը վեճերի կանխարգելման գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: Սակայն, նշված ջանքերը կարող են ապարդյուն լինել այն դեպքերում, երբ պետության ղեկավարությունը չի կարողանում ապահովել երկրում մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները:
«Հայաստանը խորապես հետաքրքրված է կանխարգելման արդյունավետ մեխանիզմի հաստատման խնդրով` լինի դա միջազգային կամ տարածաշրջանային մակարդակներով: Կանխարգելումը անհրաժեշտ է ոչ միայն հնարավոր հակամարտության ծագման, այլև իր վերջնական կարգավորումը չստացած հակամարտությունների դեպքում: Խոսքը վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին, որի բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Վերջին շաբաթների ընթացքում աշխարհն ականատես եղավ ԼՂ ու Ադրբեջանի միջև շփման գծի և հայաստանա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումների և ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների կտրուկ աճին, ինչը մարդկային զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», – նշեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:
Զոհրաբ Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» զինյալների կողմից Իրաքի էթնիկ փոքրամասնություններից մեկի` եզդիների զանգվածային սպանությունների հիմնախնդրի վրա: Նա նշեց, որ հարյուր հազարավոր մարդիկ` այդ թվում, եզդիներ, ասորիներ և հայեր ծայրահեղականների գործողությունների հետևանքով ստիպված են լքել իրենց բնակավայրերը` տեղեկացնելով, որ Հայաստանը որոշում է կայացրել` ՄԱԿ-ի միջոցով օգնություն առաքել եզդի համայնքին:
«Մենք ականատես ենք լինում սոսկալի մի իրավիճակի, որը պետք է կարգավորվի զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքերով: Միջազգային հանրությունը պետք է գործի անհապաղ, և այն պետք է իրականացվի ՄԱԿ-ի կառույցների անմիջական ներգրավմամբ: Այս համատեքստում գլխավոր քարտուղարի Ցեղասպանության հարցով հատուկ խորհրդականի դերն անգնահատելի է: Հայաստանը կոչ է անում Անվտանգության խորհրդին անհապաղ արձագանքել եզդի ազգաբնակչության ողբերգական իրավիճակին», – եզրափակեց իր խոսքը ՀՀ դեսպանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն