Ինտենսիվ կերպով շարունակվում են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները (տեսանյութ)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողությամբ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ (հատված 2), Երևան-Աշտարակ (հատված 3) և Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին (հատված 1) ճանապարհահատվածներում ամռան ամիսներին ինտենսիվ կերպով շարունակվում են շինարարական աշխատանքները։
Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում, որտեղ արդեն ավարտվել է ձախակողմյան մոտ 19.5 կմ երկարությամբ հատվածի բետոնապատումը,կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային կառույցների հատվածներում՝ ասֆալտապատում։
Բետոնապատման աշխատանքներ են իրականացվում ճանապարհի աջ կողմում.այստեղ մոտ 2,7 կմ հատվածն արդեն բետոնապատ է։
Շոգ եղանակի պատճառով այս հատվածում կատարվել է աշխատանքային գրաֆիկի փոփոխություն՝ կեսօրին աշխատելու փոխարեն աշխատանքներն ընթանում են երեկոյան և գիշերային ժամերին։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բազմիցս նշել է, որ Հայաստանի համար պետական նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցման համար կարևորագույն խնդիր է բարձր որակի ապահովումը։
Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում նախատեսվում է բետոնապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտել հոկտեմբերի երկրորդ կեսին։
Տրանշ 1-ի Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի աջակողմյան մասում կատարվել է մոտ 10,4կմ, իսկ ձախակողմյան մասում՝մոտ 3.0 կմ բետոնապատում։
Այստեղ աշխատանքների ավարտը նախանշված է հոկտեմբերի առաջին կեսին։ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհաhատվածում իրականացվում են հողային աշխատանքներ (հանույթ, լիցք, պայթեցում), հնագիտական պեղումներ և հողօտարումներ։
Հայաստանի հյուսիսային հատվածի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի 55-րդ կիլոմետրում, ճանապարհի տակ տեղադրվում են ջրթող խողովակներ, որոնց միջոցով անձրևաջրերն ու ձնհալոցքները կհեռացվեն՝ չվնասելով ճանապարհը։
Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն