Գորիսում խմելու ջուր մատակարարող ընկերության վերջին հույսը անձրևներն են
asparez.am-ը գրում է. «Սա վիճա՞կ է, ամբողջ ամառ աչքներս մի կաթիլ ջրի կարոտ մնաց: Ամառ է, գործը՝ շատ, ո՞վ է մտածում, դու էն ասա, ջրի փողը մի երկու օր ուշացրու, տես դռներդ ոնց են ջարդում»,- 65 ամյա Մարուսյա Մինասյանը բազմաթիվ գորիսեցիների պես դժգոհում է ջրամատակարարումից: Երկու ամսից ավել է, քաղաքում անկանոն ռեժիմով է ջուր մատակարարվում, որոշ թաղամասեր նույնիսկ օրերով ջուր չեն ստանում:
«Գիշերվա կեսին մի երկու ժամ ջուր են տալիս, լույսը բացվում է թե չէ, չկա, ոչ գիտես՝ երբ են միացնում, ոչ գիտես՝ երբ են անջատում, վերջապես մարդ ենք, ինչքան սպասենք, թե ջրմուղը ե՞րբ է բարեհաճում ջուր բաց թողնի»,- ավելացնում է տիկին Մարուսյան:
«Հայջրմուղ կոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի կոմերցիոն ծառայության պետ Գրիգոր Կարապետյանի խոսքով, ամբողջ խնդիրը երաշտային եղանակի եւ ջրագողության արդյունքում է առաջանում:
«Ջրամատակարարման հետ խնդիրներ մենք ունենում ենք գրեթե ամեն տարի, այս տարի վիճակն ավելի վատ էր այն պատճառով, որ անձրեւներ չեկան: Քաղաքում ոռոգման համակարգը մի քանի թաղամասերում է գործում: Վայրկյանում 330 լիտր ջուր է մղվում, որը կարող է սպասարկել 60.000 բնակչի, սակայն այն չի բավարարում. խմելու ջրով են այգիները ջրում: Այս հարցն ամեն օր ենք քննարկում, հսկիչները տնայցեր են կատարում, բաժանորդներին բացատրում, որ ծայրահեղ դեպքում գոնե գիշերը մեծ քանակությամբ ջուր օգտագործեն, միեւնույն է, իրավիճակը դրանից չի փոխվում: Ճիշտ է, բնակիչը վճարում է, նորմալ ծառայություն է ուզում, բայց իրենք եւս պետք է հասկանան, որ խմելու ջուրը ոռոգման նպատակով չպետք է օգտագործվի»,- ասում է Գրիգոր Կարապետյանը:
Կոմերցիոն ծառայության պետը նշում է, որ վերջին տարիներին խմելու ջրի ներքին ցանցի մոտ 60 տոկոսը նորոգվել է, այդ թաղամասերում ջրագողություն հնարավոր չէ կատարել, հիմնական կորուստները այն թաղամասերում են, որտեղ ջրագծերը հին են եւ չեն փոխվել: Ընկերության տնօրենը նաեւ ընդգծում է՝ թեեւ ջրագծերի զգալի հատվածը վերանորոգվել է, այնուամենայնիվ, չնորոգված հատվածի պատճառով մոտ 90 տոկոս ջրի կորուստ է տեղի ունենում:
Մանրամասներն՝ այստեղ