«Ղարաբաղյան խնդիրը, ցավոք, ունի միայն ռազմական լուծում». «Ժամանակ»

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, նյույորքաբնակ Հայկ Ա.Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, Սոչիում տեղի ուենցած եռակողմ հանդիպումից հետո Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարեց, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել Փարիզում կամ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում՝ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների ջանքերով: Դա պարզապես հանդիպում է լինելու Սոչին հավասարակշռելու համա՞ր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է առաջընթաց լինի:

-Այսօր, «Իսլամական պետության» վերելքով և դրան ուղեկցող իսլամական ծայրահեղականության բուռն ծաղկումով պայմանավորված, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով նոր իրավիճակ է ստեղծվել աշխարհում: Գործընթացները շատ ավելի մասշտաբային են, քան առերևույթ կարելի է կռահել: Այժմ բոլոր՝ քիչ թե շատ ակտիվ պետությունները առավել ինտենսիվ են գործում:

Տեղի է ունենում շահերի և դաշինքների վերաձևում, և հայ-ադրբեջանական հակամարտությունն այլևս անհրաժեշտ է այդ համատեքստում դիտարկել: Անշուշտ, եթե իրոք հանդիպում կայանա Փարիզում, ապա դա կլինի միայն Արևմտյան բլոկի ակտիվությունը և մասնակցությունը վերահաստատելու նկատառումով: Որևէ արդյունք, սակայն, դրանից չի լինի: Կրկնում եմ` որևէ արդյունք անկնկալելը բացարձակապես անխոհեմ է: Տարիներն ու ժամանակը, ինչպես նաև իրերի ներկա դրությունը փաստում են, որ Ղարաբաղյան խնդիրը, ցավոք, չունի այլ լուծում, քան ռազմականն է, և այդ ուղղությամբ իր նախապատրաստությունն Ադրբեջանը հետևողականորեն կատարում է:

– Սոչիում ոչ մի գրավոր համաձայնություն և պարտականություն հակամարտող կողմերը ձեռք չեն բերել, այսինքն՝ իրավիճակը ամեն պահի կարող է նորից սրվել: Ի՞նչն է խանգարում վերադառնալ 94 թվականի պայմանավորվածություններին, արդյոք միայն բանակցություններում Ղարաբաղը որպես կողմ ներգրավե՞լը:

-Ղարաբաղը որպես կողմ ներգրավելը կարևորագույն հանգամանք է, սակայն ո՛չ խնդրի լուծման հարցում ամենաէական դետալը: Այսօրվա երկրաքաղաքականությունն առավել պրագմատիկ է, քան երբևէ: Ադրբեջանը միայն մեկ լուծում է ակնկալում, և այդ լուծումը, ինչպես ասացի` ռազմականն է: Քանի դեռ Ալիևն իշխանության է` որևէ բան ադրբեջանական մոտեցման մեջ չի փոխվելու:

Դա անկասկած է: Եթե Ադրբեջանում հեղաշրջում կամ իշխանափոխություն լինի, բացառված չէ, որ իշխանության գան իսլամիստները, որոնք այս պահին երկրի բնակչության բավական փոքր տոկոսն են կազմում, սակայն քաոսի պայմաններում միանգամայն ունակ են իրենց արտասահմանյան գաղափարակիցների աջակցությամբ քաոս ստեղծելու: Այդ քաոսը, սակայն, կարող է և քաոսային պատերազմ հրահրել Հայաստանի դեմ: Այնպես որ` ամեն դեպքում, մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք ռազմական լայնածավալ և նոր տիպի գործողությունների սցենարին:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս