Իշխանությունը սպասում է ընդդիմության հանրահավաքին. «Առավոտ»
«Մոտ երկուսուկես ամիս առաջ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ, հապարակեցին իշխանություններին ուղղված իրենց 12 կետից բաղկացած պահանջագիրը։ Համատեղ մամուլի ասուլիսում, հրապարակայնորեն ստորագրելով պահանջագրի տակ, ոչ իշխանական ուժերը նաև հայտարարեցին, որ իրենց պահանջների կյանքի կոչման համար իշխանությանը մինչև սեպտեմբերի վերջը ժամանակ են տալիս»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով.
«Սեպտեմբերի վերջին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը նախատեսում են անցկացնել համապետական հանրահավաք։ Հանրահավաքում կամփոփվեն իրենց պահանջների կատարողականը և կորոշվեն հետագա անելիքները։ Հիշեցնենք, որ 12 կետերի հիմնական մասը վերաբերում է ներքաղաքական հարցերին։
Մինչ խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, ԱԺ նախագահը, վարչապետը դրական գնահատականներ էին հնչեցնում քառյակի՝ կառուցողական դաշտ անցնելու վերաբերյալ, 12 կետերին ավելի անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ եթե ընդդիմության նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» և համանման այլ բառերը։ Նախագահի այս դիտարկումներով 12 պահանջների թեման իշխանության համար կարծես փակվեց։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ այն պատգամավորներից էր, ովքեր դրական արձագանքեցին ընդդիմության 12 կետերին։
Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը որոշեց անտեսել ընդդիմության մեկնած ձեռքը, մեր զրուցակիցն ասաց, որ այդ կետերից ինչը որ հնարավոր էր կատարել, արդեն իսկ կատարվում են, քանզի դրանց ՀՀԿ-ի ծրագրային դրույթներում տեղ են գտել։
Ինչ վերաբերում է աշնանը հանրահավաք անցկացնելու ընդդիմության սպառնալիքին էլ, մեր զրուցակիցն ասաց, որ դա իրեն միայն ուրախացնում է. «Ընդդիմությունը եթե լինի միասնական, եթե առողջ քննադատություններ, առաջարկություններ անի, իսկ ես հուսով եմ, որ կանի, մենք միայն կուրախանանք»։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։