Հայ-վրացական հարաբերությունների հիմքերի հիմքը . «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ Հայաստանում հայտարարել է, որ Հայաստանի ու Վրաստանի անդամակցությունները տարբեր միավորումների չպետք է խոչընդոտեն երկու երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների սերտացմանը:

Այս հայտարարությունը հետաքրքրական է նրանով, որ Վրաստանի վարչապետն, ըստ էության, ակնարկում է Հայաստանի և Վրաստանի միջև, այսպես ասած, մաքսային ռեժիմների վերանայման հետ կապված խնդիրները հարթվելու մասին:

Մյուս կողմից, սակայն, այս հայտարարության ֆոնին շարունակում է Հայաստանի հասարակության համար բավական ակնառու մնալ մի քանի օր առաջ Նախիջևանում տեղի ունեցած Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում էլ կողմերը պայմանավորվել են հանդիպումները և միջոցառումները դարձնել պարբերական:

Հատկանշական է, որ Իրակլի Ղարիբաշվիլին խոսում է երկու երկրների տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունների մասին, սակայն չի նշվում ներկայումս կարևորագույնը համարվող խնդիրներից մեկը՝ անվտանգությունը:

Սա հարավկովկասյան տարածաշրջանում հարաբերությունների առանցքն է կազմում` հատկապես այժմյան աշխարհակարգում, միջազգային այժմյան հարաբերություններում, որտեղ ուժը դարձել է ամենևին ոչ պասիվ կամ ստատիկ գործոն, որտեղ միջազգային իրավունքը ոտնահարվել է աննախադեպ ցինիզմի աստիճան, որտեղ Ռուսաստանը ներկայացրել է ծավալապաշտական քաղաքականության այնպիսի հայտ, որ կովկասյան պատերազմի մասին այսօր խոսում են այնպես, կարծես այդ խնդիրը ընդամենը ժամանակի հարց է:

Ըստ որում` էական չէ, որ պատերազմի հավանականությունը կանխող կամ զսպող շատ գործոններ կան, էականն այն է, որ կան խոսակցությունները հավանականության մասին, և դրանք այսօր սովորական են դարձել, և ոչ մի նման խոսակցություն արտառոց չի թվում: Ահա այսպիսի պայմաններում անվտանգությունն է դառնում հարցերի հարցն ու հարաբերությունների հիմքը, և հայ-վրացական հարաբերությունների առումով առաջ է գալիս Նախիջևանի հանդիպման հետ կապված խնդիրը: Վրաստանն իր անվտանգությունը տեսնում է բոլորովին այլ հարթության վրա, Հայաստանն իր անվտանգությունը ստիպված տեղավորել է մեկ այլ հարթության մեջ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս