Բաժիններ՝

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի մայրը դիմել է վարչապետին

tesankyun.am-ը գրում է.  Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակչուհի՝ ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի մայրը՝Սվետլանա Խոջոյանը, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ որդուն պետք է համոզի հիվանդանոց պառկել: Մոր խոսքով՝ ինքը չի կարող ասել՝ որդու մոտ հայտնաբերված մաշկային փսորիազն անցել է, թե ոչ:

«Ինքը Հրազդանում անասուն է պահում, օրերով չեմ տեսնում: Երբ հարցնում եմ՝ ոնց ես, ասում է լավ եմ»,- ասաց տիկին Սվետլանան:

Նրա խոսքով՝ Արսենը լիարժեք բուժվելու համար ցանկանում է հիվանդանոց պառկել բանկից վերցրած վարկը մարելուց հետո միայն:

Տիկին Սվետլանան նաև տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ կովը հարվածել է Արսենի ոտքին: Բարեբախտաբար, որդին լուրջ վնասվածքներ չի ստացել, միայն մի քիչ ոտքն է վնասվել:

Խոջոյանների ընտանիքը ունի սոցիալական խնդիրներ:

«Դիմել էի Տավուշի մարզպետարան, որ ֆինանսապես աջակցեն վարկս մարեմ: 400.000 դրամ տվել են, բայց 600.000 էլ դեռ պետք է փակեմ: Մի քանի օր առաջ նամակ եմ գրել վարչապետին ֆինանսական աջակցություն ստանալու համար, քանի որ գործը դատարան կգնա, եթե ժամանակին չմարեմ վարկը: Ինձ այսօր մարզպետարանից զանգահարել և հարցրել են՝ ինչքան է վարկը: Ասացի՝ վարկի չափն ինչքան է: Պատասխանեցին՝տեսնենք ինչ կարող ենք անել: Երևի վարչապետին նամակս հասել է»,-տեղեկացրել է կայքի զրուցակիցը:

Տիկին Խոջոյանին մտահոգում է մեկ այլ խնդիր. «Մեր տան պատշգամբը տարիներ առաջ քամուց վնասվեց: Հիմա աստիճաններով որ բարձրանում ես, քիչ է մնում՝ այն փուլ գա:Անկեղծ ասած, այս հարցով ոչ մի կառույցի չեմ դիմել, բայց ցանկալի կլիներ, եթե ֆինանսապես աջակցեին, որ պատշգամբս ամրացնեի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս