
597 համայնքի նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարները կփոխհատուցվեն

Պետությունը կփոխհատուցի համայնքային բյուջետային հիմնարկներում եւ համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատող, 1974 թվականից հետո ծնված նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարները:
Այդ նպատակով ՀՀ կառավարության N 792-Ն որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը եւ մարզպետարաններին հատկացվել է ընդհանուր առմամբ 197 մլն 860.8 հազար դրամ: Գումարը կտրամադրվի 597 համայնքի:
Բանն այն է, որ 2014 թվականի համայնքների բյուջեները կազմվել էին՝ հիմք ընդունելով այդ պահին գործող 45 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում ընթացիկ տարում կատարված փոփոխության համաձայն՝ նվազագույն ամսական աշխատավարձը հուլիսի 1-ից սահմանվել է 50 հազար դրամ, եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՏԻՄ համակարգում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարման արդյունքում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսերի կատարման համար համայնքների բյուջեներում հատկացումներ չէին նախատեսվել:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել է այս որոշումը՝ նպատակ ունենալով աջակցել համայնքներին՝ բյուջեների կատարողականի ապահովման եւ սահմանված ժամկետներում նրանց կողմից բյուջետային պարտավորությունների կատարման, լրացուցիչ պարտքեր չկուտակելու համար:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին