Քասախ գյուղի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 դպրոցում թեժ կռիվ է (տեսանյութ). 1in.am
1in.am-ի փոխանցամբ՝ այսօր առավոտից Քասախ գյուղի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 դպրոցում թեժ կռիվ է: Վեճի առիթը փոխտնօրենի հեռացման լուրն է, որը փակցված է դպրոցի միջանցքում ցուցատախտակի վրա: Վեճի մասնակիցների շարքերում են 10–ից ավելի ուսուցիչներ, որոշ աշակերտների ծնողներ, ինչպես նաև տնօրենի և փոխտնօրենի եղբայրները: Վեճի կողմերը միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են շռայլում: Փաստորեն, արդեն առանց աշխատանքի փոխտնօրենը զոհված ազատամարտիկ Արկադի Հովհաննիսյանի դուստրն է՝ Վարդուհի Հովհաննիսյանը, ում անունով էլ դպրոցը անվանակոչված է: Ի դեպ՝ վեճի ժամանակ դպրոցում էր նաև Արկադի Հովհաննիսյանի այրին, որը վիրավորված էր նրանից, որ վերջին շրջանում դպրոցի դռները իր առջև փակում են, այնինչ դպրոցի բարօրության համար միշտ պայքարել է, եղել է թե նախագահականում, թե կառավարությունում. «Իմ ամուսնու անունով անվանակոչված դպրոցում աշախատել եմ ձրի՝ իմ ամուսնու համար, էսօրվա օրով իր գողական ախպերը չէր թողնում մտնեմ դպրոց, այսօրվա օր զոհվածի այրին գա, տղու մրցույթին չթողնեն, իմ աղջկան՝ ուսմասվարին, դպրոց չթողեն, եղբայրը այստեղ չի աշխատում, բայց սաղ ինքն է անում, ես խնդրում եմ, մինչ նախագահական գնալու եմ, թող դպրոցի անվանակոչումը հանեն, դպրոցը փակեն, եթե կառավարական պարգև է, պետք է ղեկավարեն, պետք չէ»,- ասաց Լենա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ազատամարտիկի անունը կրող դպրոցում հատկապես պետք է հայրենասիրություն քարոզվի:
Դպրոցի ուսուցիչները «Առաջին լրատվական»-ին պնդեցին, որ իրենց դպրոցի նոր տնօրեն Պայծառ Ղազարյանի նշանակումից հետո դպրոցում անհիմն հեռացումներ են լինում. մինչ իրենց խոսքով՝ «թառլան» Վարդուհի Հովհաննիսյանի հերթը կհասներ, կրճատվել է մյուս փոխտնօրենի հաստիքը, աշխատանքից ազատվել է ռազմագիտության ուսուցիչը: Ուսուցիչների խոսքով՝ Պայծառ Ղազարյանը անընդհանտ փորձել է աշխատանքից հեռացնել նաև օտար լեզվի ուսուցիչներից մեկին՝ Լիլիթ Տաշյանին, սակայն փոխտնօրեն Վարդուհի Ղազարյանը ամեն կերպ փորձել է կանխել, ուստի դպրոցի տնօրենի հարաբերությունները նրա հետ սրվել են: Ուսուցիչների խոսքով՝ իրենք միշտ ցանկացել են, որ Վարդուհի Հովհաննիսյանը իրենց դպրոցի տնօրենը լինի, քանի որ իր գործին լավ է տիրապետում. 20 տարի է՝ դպրոցում է աշխատում, երբեք այսպիսի իրավիճակ չի եղել: Դպրոցի 20 ուսուցիչներից 14–ը ստորագրահավաք են կատարել և դիմում- առարկում են ներկայացնելու առայժմ մարզպետարան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: