Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել նախարարին ու փոխնախարարներին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բավականին խիստ, եթե ոչ ագրեսիվ էր տրամադրված: Նա մի քանի նկատողություն արեց նախարարին ու փոխնախարարներին, այդ թվում՝ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին: Վերջինի դեպքում պատճառը Այգեհովիտ-Վազաշեն- Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներում թույլ տրված թերացումն էր: Նախարարությունը նախագիծ էր ներկայացրել գործադիրին՝ խնդրելով թույլատրել նոր պայմանագիր կնքել, որպեսզի կարողանան ճանապարհի կառուցումն ավարտել: Ա. Առաքելյանը ներկայացրեց, որ պետական գնման նախկին պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծվել է, իսկ նախահաշվային արժեքն ավելացել է 5.5 մլն դրամով, քանի որ աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ են եկել 9-րդ կարգի գրունտի պայթեցման լրացուցիչ աշխատանքային ծավալներ, որի հետ կապված աշխատանքում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Հ.Աբրահամյանը հրահանգեց ՏԿ նախարարության պաշտոնյաներին՝ իրենց գործը նորմալ կատարել. «Դուք պիտի ձեր ոճը փոխեք, չի կարելի պարտադրել, որ այսքան ճանապարհ պիտի կառուցեք: Հիմա կառուցապատողին փոխում ենք, մյուսը այդ գումարով կարողանո՞ւմ է ավարտել աշխատանքը»:
Ա.Առաքելյանի դիտարկմանն ի պատասխան, որ ճանապարհի կառուցման ընթացքում նախագծային թերություններ են եղել, վարչապետը հակադարձեց. «Հիմա ո՞ւմ եք համոզում, որ լրացուցիչ նոր խնդիրներ են եղել: Կարող են, չէ՞, մարդիկ չհավատալ»:
Լրագրողների հետ ճեպազրույցում Ա.Առաքելյանը հայտարարեց, թե վարչապետի նկատողությունից չի նեղսրտել և հավելեց. «Սակայն միշտ չի, որ պլանավորված աշխատանքները իրենց ծավալով ստացվում են ինչպես որ պետք է: Սա բնություն է և, բնականաբար, տարբեր տիպի խնդիրներ են ի հայտ գալիս: Մենք ընդունում ենք վարչապետի դիտողությունը»:
Նա նշեց նաև, որ պայմանագիրը խախտած «Իջևան ՃՇՇ» ընկերությունն օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվի:
Մանրամասները՝ տեսանյութում