Բաժիններ՝

Կյանք փրկող ծրագիրն ընդլայնվում է

Ոչ վաղ անցյալում սրտի ինվազիվ վիրահատությունները նորագույն և դժվարամատչելի բժշկական ծառայությունների շարքում էին և բնակչության որևէ խմբի համար պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում անվճար և արտոնյալ պայմաններով սրտի ինվազիվ վիրահատություններ տրամադրվում են մինչև 7 տարեկան երեխաներին, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի միավոր ունեցող անձանց, անվճար բուժօգնության իրավունք ունեցող սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև քաղծառայողներին և ուսուցիչներին: Ընդհանուր առմամբ անվճար և արտոնյալ պայմաններով սրտի ինվազիվ վիրահատության իրավունք ունի ավելի քան 600 հազար մարդ։

Առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ աշխատանքներ է տանում սրտի անհետաձգելի ինվազիվ վիրահատական ծառայությունը հանրության ավելի մեծ խմբերի համար հասանելի և մատչելի դարձնելու ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը, հավանություն տալով նախարարության ներկայացրած ծրագրին` 2015թ. հունվարից սրտի անվճար վիրահատության շահառուների ցանկում կընդգրկի սոցիալապես անապահովության 30,0 և ավելի միավոր ունեցողներին, որի արդյունքում 270 հազար շահառու ևս կստանա սրտի անվճար վիրահատության արտոնություն։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 2015թ. համար նախատեսել է 500,0 մլն դրամ: Ծրագիրը կշարունակվի նաև 2016-2017 թվականներին, և հնարավոր է, որ նշված գումարը հետզհետե ավելանա։

Հաշվի առնելով, որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է, և, որ մեր երկրում սրտանոթային հիվանդությունները լայն տարածում ունեն (մահացության ընդհանուր կառուցվածքում դրանք 48 տոկոս են կազմում), նախարարությունը լայնածավալ և բազմակողմանի աշխատանքներ է իրականացնում։ Սուր ինֆարկտների ժամանակ մարդկանց կյանքը փրկելուն միտված այս ծրագրի ընդլայնման նպատակով աշխատանքներ են տարվել նոր տեխնոլոգիաներ կիրառելու, գներն իջեցնելու, չափորոշիչները հստակեցնելու ուղղությամբ։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող բոլոր կլինիկաների ներկայացուցիչները` Ինտենսիվ սրտաբանության ասոցիացիայի հետ, գնահատել են իրավիճակը և հանդես եկել կոնկրետ առաջարկներով:

Միաժամանակ, դեռ մեկ ամիս առաջ ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող Երևանի 7 կլինիկայի, ինչպես նաև Գորիսի սրտաբանական կենտրոնի և Գյումրիի ԲԿ-ի ղեկավարների ու սրտաբանների հետ նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանը ներկայացրել է Եվրոպայում և
ՌԴ-ում ինվազիվ սրտաբանության փորձն ու արձանագրվող արդյունքները: Եվրոպայում 2013թ. Սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված 32 հազար քաղաքացիներից 95 տոկոսի կյանքը հաջողվել է փրկել։

Մասնագետների հետ քննարկվել են, թե ինչպիսի պայմաններ և հարակից մասնագիտական ինչ վերապատրաստումներ են անհրաժեշտ ծառայությունն ընդլայնելու և բարելավելու նպատակով։ Կարևորվել են ինվազիվ ծառայության 24-ժամյա աշխատանքի ապահովումը, առողջության առաջնային օղակի և շտապօգնության ծառայության բոլոր մասնագետների պատրաստվածությունը` էլեկտրասրտագրության շեղումները ճիշտ գնահատելու և հիվանդին ամենակարճ ժամանակում տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող մոտակա կլինիկան տեղափոխելու համար և այլ հարցեր։

Այս պահին մշակվում են չափորոշիչներ, որոնք կհստակեցնեն, թե որ իրավիճակներում է անհրաժեշտ կատարել կյանքը փրկող` սրտի անհետաձգելի վիրահատություն և որ դեպքերում` կոնսերվատիվ բուժում կազմակերպել։

Միաժամանակ նախարարության գործունեության առանցքում բնակչությանն առողջ պահելու գաղափարն է։ Գերիշխող է դառնում բնակչությանն առողջ պահելը և ոչ թե բուժելը։ Այս խնդիրը դրվում է հատկապես պոլիկլինիկական ծառայության առջև։ Նոր չափորոշիչներով առաջնահերթ են դառնում կանխարգելիչ այցերը։ Չափորոշիչներ են մշակվում, որպեսզի հստակեցվի, թե առողջական նման խնդիրները կանխելու կամ վաղ հայտնաբերելու նպատակով տարին մեկ անգամ առողջության առաջնային պահպանման օղակում ինչ հետազոտություններ կազմակերպվեն։ Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների առջև նաև խնդիր է դրվել ոչ միայն իրենց մոտ հավաքագրված բնակչությանը ցուցաբերել սիրալիր և հոգատար վերաբերմունք, այլև հետևողականորեն նրանց իրազեկել ռիսկային առավել տարածված 5 գործոնի մասին, որոնցով պայմանավորված է մեր երկրում արձանագրվող մահերի 90 տոկոսը։

Դրանք են` ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքը, ավելցուկային քաշը և ճարպակալումը, ինչպես նաև անառողջ սնունդը։ Այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել ոչ միայն սրտանոթային, այլև բազմաթիվ այլ հիվանդություններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս