Մերօրյա հերոսները կամ այնտեղ, որտեղ տապն ու փոշին ոչինչ են. առաջնագիծ (լուսանկարներ)

Հուլիսի վերջից օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխած ու հակառակորդին ետ շպրտած զինվորները երեկ արդեն զորամասում էին, որտեղ մասնակցում էին ուսումնական նոր փուլի սկսմանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում նրանք նաեւ պարգեւատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:

Մեր այցելության ժամանակ զինվորները հիմնականում լռակյաց էին ու նախընտրում էին այդ ամենի մասին քիչ խոսել:

Մեկ տարի երկու ամիս ծառայություն անցած Կարեն Ուլուբաբյան դիվերսիոն գործողության ժամանակ մարտական հերթապահություն էր իրականացնում՝ որպես դիրքի ավագի օգնական, երբ դիրքից տեղեկացրեցին, որ ձայներ են գալիս: «Միանգամից պոկվեցի դիրք, նկատեցի թուրքի (ադրբեջանցու-հեղ.) երկու զինվորի: Միանգամից կրակ բացեցի ու տագնապ հայտարարեցի, որից հետո անցանք շրջանաձեւ պաշտպանության, որի արդյունքում նկատեցինք, որ խոցել ենք հակառակորդի մեկ զինվորի»:

zinvor1

Զինվորը, որի ծառայության ընթացքում դա առաջին դիվերսիայի փորձն էր, խոստովանում է, որ պատրաստ չէր, քանի որ երբեք չէր մտածում, որ այդպիսի գործողության ականատեսը կլինի, սակայն դա իրեն չխանգարեց հավաքվել ու համարժեք գործել: Կարենն առաջին փորձությունն արդեն անցել է ու համոզված է, որ այսուհետ ավելի արագ կարող է արձագանքել ու առավել հմուտ գործել: Իսկ ի՞նչ է փոխվել դրանից հետո: Խոստովանում է՝ ավելի ուշադիր ու զգոն է դարձել մարտական հերթապահության ժամանակ:

zinvor.2

Նապոլեոն Բաղդասարյանն էլ է նույն գործողության մասնակիցը եղել: «Դիվերսիայի ժամանակ իմ հանգստի ժամն էր, բլինդաժում էի, երբ կրակոցների ձայն լսեցի, զենք-զինամթերքս վերցրեցի ու շարժվեցի դեպքի դիրք, որտեղ ինձ նախատեսված տեղից սկսեցի կրակ բացել հակառակորդի ուղղությամբ: Ես ոչ ոքի չեմ տեսել հակառակորդներից, տղաներն են տեսել: Հետո ենք իմացել, որ շատ հոգով են եղել, չնայած մերոնք երկուսին են տեսել»,-պատմում է Նապոլեոնը ու ավելացնում, որ վերջին հերթափոխի ժամանակ կրակոցները հակառակորդի կողմից սովորականից շատ էին: Դիվերսիայի ժամանակ մտածում էր միայն անձնակազմի անվտանգության ու դիրքը պահելու մասին:

3148

Զորամասի հրամանատար Կարեն Առստամյանը վստահեցնում է, որ վերջին շրջանում սահմանում համեմատաբար խաղաղ է. «Ինչպես ապացուցեցին վերջին իրադարձությունները, մեր ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ պետական սահմանը հուսալի ձեռքերում է, եւ այդ կայունությունն ապահովում է մեր զինվորը»:

zinvor3

Հարաբերական խաղաղությունն ապահովվում է հենց մերօրյա հերոսների ու նրանց ծառայակիցների շնորհիվ, ովքեր ամուր կանգնած են սահմանին՝ անկախ եղանակային պայմաններից, աննախադեպ տապից ու երաշխտից: Նրանց շնորհիվ, ում մոտ հասնելն այնքան էլ դյուրին չէ: Հասնաք սպաներից մեկի «ՈւԱԶ»-ով, որի դիմապակու անցքն իսկույն ուշադրություն է հրավիրում: Պարզվում է` հակառակորդի կողմից արձակված գնդակի հետքն է: Բարեբախտաբար, մեքենայի մեջ այդ պահին մարդ չկար, բացատրում է սպան ու շարունակում փոշոտ ճանապարհով սլանալ դեպի առաջնագիծ: Գնալով շոգն ավելի անտանելի էր դառնում, շնչելն ավելի դժվար. բաց պատուհաններով դրսից ներս էր խցկվում տաք ու փոշոտ քամին: Տապն իրեն զգացնել տվեց նաեւ դիրքերում, որտեղ կանգնած զինվորների համար դա արդեն սովորական երեւույթ է: Այստեղ, ինչպես զինվորներն են ասում, կարեւոր խնդիրը դիրքը պահելն է:

zinvor4

Արթուր Հարությունյանը, ով քսան ամսվա ծառայող է, մարտական հերթապահության ժամանակ զգոն է ու ուշադիր, չնայած հակառակորդի խրամատներից հեռու են շուրջ կես կիլոմետր: Դիտակետից պարզ երեւում են հակառակորդի դիրքերը, ինչն էլ թույլ է տալիս վերահսկել հակառակորդի անցուդարձը:

Դիրքում վստահեցնում են, որ ամեն ինչ վերահսկելի է, ու հակառակորդի ցանկացած գործողություն պատրաստ են կանխել:

Արթուրը խոստովանում է, որ հենց առաջնագծում է մարդ հասկանում, թե ում եւ ինչի շնորհիվ է ապրում եւ գտնում, որ յուրաքանչյուր հայ տղա պետք է ծառայի ու պաշտպանի իր հայրենիքը, ընտանիքն ու հարազատներին:

Միքայել Ամիրխանյանն էլ այն կարծիքին, որ յուրաքանչյուր հայ երիտասարդի պարտքն է՝ ծառայել հայրենիքին: «Ծառայությունը քաղաքացիական կյանքում էլ է պետք գալիս: Ավելի լուրջ ես սկսում վերաբերվել ընտանիքիդ, սովորում ես հաղթահարել տարբեր դժվարություններ, նույնիսկ կարոտ»,-խոստովանում է Միքայելը եւ ժպիտով թվարկում, թե ամենաշատն ում է կարոտում՝ տնեցիներին ու սիրած աղջկան:

Մի քանի ամսից նա պետք է զորացրվի ու հրաժեշտ տա ծառայությանը, որի ընթացքում, իր ասելով, շատ բան է սովորել, նույնիսկ «ջոկի հրամանատար է դարձել», ինչի մասին չէր էլ մտածում: Սովորել է նաեւ գրագետ պատասխան տալ հակառակորդին: «Պարտադիր չէ, որ հակառակորդի ամեն մի կրակոցին պատասխանես: Պետք է նախ դիրքավորվես ու ձգտես գրագետ պատասխան տալ: Հենց այնպես պետք չէ կրակել»,-բացատրում է Միքայելը՝ չթաքցնելով իր հպարտությունը, որ հենց առաջնագծում է իր ծառայությունն անցել:

Ժամկետային զինծառայող Գագիկ Գրիգորյանն էլ է առաջնագծում, տղաների կողքին, ովքեր ամեն օր պատրաստ են պատերազմի: Գագիկի եղբայրն էլ է ժամկետային զինծառայող: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայր կորցրած երիտասարդներն այսօր պաշտպանում են հարյուրավոր քաջորդիների արյան գնով ազատագրված հայրենիքի սահմանները ու պատրաստ արժանի հակահարված տալ հակառակորդին:

Գագիկը համոզված է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, եթե փորձի ինչ-որ քայլ ձեռնարկել առաջնագծում. «Այստեղ կարեւորը ուշադիր եւ զգոն լինելն է: Եթե դա եղավ՝ չեն կարող մտնել»:

Երբ հրաժեշտ տվեցինք զինվորներին՝ արդեն կեսօր էր, ու նրանցից ոմանք ճաշի պատրաստություն էին տեսնում: Գրաֆիկը չեն կարող խախտել, տղաները կարեւոր գործի են՝ մեր անվտանգությունն են ապահովում:

zinvor7

zora,mas

Անահիտ Դանիելյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս