Բաժիններ՝

Միջազգային ամառային դպրոց՝ Մանկավարժականի ուսանողների համար

Օգոստոսի 11-ից 19-ը Մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվեց միջազգային ամառային դպրոց:
Հայկական պետական մանկավարժականի, Ֆինլանդիայի Օուլուի, Լիտվայի Կրթական գիտությունների համալսարանների համագործակցության շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ թվով 40 ուսանող, այդ թվում՝ 7-ը Ֆինլանդիայից, 10-ը` Լիտվայից, 5 ուսանող՝ Արցախի պետական համալսարանից և 18-ը Մանկավարժական համալսարանից, ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացրին իրենց ամառային հանգիստը՝ հագեցած հետաքրքիր, ճանաչողական ծրագրով:
Ի դեպ,այս ծրագրի շրջանակում մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողներից տասն իրենց ամառային հանգիտսն անցկացրին Ֆինլանդիայիում, տասը՝ Լիտվայում:

Հայաստանյան «Ամառային դպրոց»-ի շրջանակներում հայ, ֆին եւ լիտվացի ուսանողները եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Տաթևի միջնադարյան վանական համալիրում, Ամբերդում, Գառնու հեթանոսական տաճարում, Գեղարդի վանքային համալիրում:
Օտարերկրյա ուսանողները հայ ընկերների հետ լողացին Սեւանա լճում, բարձրացան Արագած լեռը, այցելեցին Մատենադարան եւ Գաֆեսճյան թանգարան:
«Ամառային դպրոց»-ի մասնակիցները եղան ՀՊՄՀ-ում՝ ծանոթացան նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի ստեղծմանն ու ժամանակագրությանը:

Վերջին վայրը, ուր այցելեցին ուսանողները, Ծիծեռնակաբերդն էր` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր. «Դպրոցում սովորելու տարիներին պատմական գրքեր շատ եմ կարդացել: Լսել էի հայերի ցեղասպանության մասին, և ինձ համար շատ կարևոր էր ավելի շատ տեղեկատվություն իմանալ դրա մասին: Երբ մենք գնացինք Ծիծեռնակաբերդ, ես չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններ ունեցա: Այդ վայրը յուրահատուկ ազդեցություն ունեցավ ինձ վրա. հուշաքարերը, անմար կրակը. դրանք ինձ ստիպեցին արտասվել» ,- ասում է Ռուա Միլալոնիտեն Լիտվայից:

Պատմաճանաչողական այցերի արանքում, երեկոյան` Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում հայ, լիտվացի և ֆին ուսանողները ներկայացնում էին իրենց երկրներն ու ավանդույթները, միմյանց սովորեցնում իրենց ազգային պարերը, ապա հյուրասիրում ավանդական ուտեստներով և խմիչքով:

Փակման արարողությունը եւս տպավորիչ էր: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հայերենով, ապա անգլերենով ողջույնից հետո Ժամանցային և մշակութային գերհագեցած առօրյան մեկ տեսաֆիլմով, ապա հայկական ազգային պար` ֆին և լիտվացի ուսանողների կատարմամբ:
Հայկական մշակույթը երեկոյի ընթացքում ներկայացրին նաև Մանկավարժականի և Արցախի պետական համալսարանների ուսանողները, որին հաջորդեցին լիտվական ուրախ պարեր ` հայ և ֆին երիտասարդների կատարմամբ:
Լիտվայից ժամանած ուսանողուհի Նիկալոնիտե Ռուտան տպավորված է Հայաստանով. նմանատիպ ծրագրերում բազմիցս մասնակցած ուսանողուհին նկատում է` Հայաստան այցն ու Ամառային դպրոցն աննախադեպ էր: Սիրահարված է հայկական լեռներին, պատմական հուշարձաններին, մարդկանց ընկերասիրությանն ու հոգատարությանը:

Հյուսիսային Եվրոպայից ժամանած ֆին ուսանողուհի Դիանա Ջյուսոլան, ով երեկոյի ընթացքում ներկայացրեց ֆիննական մշակույթը, մարդկանց առօրյան ու ավանդույթները, չթաքցրեց` Հայաստանից մի կտոր իր հետ տանելու է Ֆինլանդիա, չէ՞ որ Ֆինլանդիայից մի կտոր էլ Հայաստան էր բերել: Նույն համալսարանի Միջմշակութային սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ստինա Պակոնեն նկատում է, որ մեկ ամիս առաջ չգիտեր էլ Հայաստան պետության գոյության մասին, իսկ այսօր առիթը բաց չի թողնում հայերենով բարևելու:
Հիշեցնենք, որ կրթական և ճանաչողական կարևոր նշանակություն և բովանդակություն ունեցող «Ամառային դպրոց» ծրագիրը նպատակ ունի նպաստել միջմշակութային երկխոսությանն ու Հայաստանի, Ֆինլանդիայի և Լիտվայի համալսարանների հետագա համագործակցությանը, հնարավորություն ընձեռելով ուսանողներին զարգացնելու օտար լեզուների հմտություններն ու օտարազգի ուսանողների հետ ընդլայնել շփման եզրերը:

 Մանկավարժական համալսարան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս