Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի օդանավերի անհրաժեշտ բազա ունենալուց հետո
Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին չի գործարկվում միայն այն պատճառով, որ անհրաժեշտ քանակությամբ օդանավեր չկան: Այս մասին «Արցախպրեսի» փոխանցմամբ՝ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս Ստփանակերտի օդանավակայանը չի գործում: «Օդանավակայանը գործարկելու համար մենք պետք է առնվազն 2 օդանավ ունենանք, որովհետև մենք չենք կարող տոմսեր վաճառել մարդկանց և ասել կներեք, ինքնաթիռն այս պահին սպասարկման մեջ է: Ավելի կայուն աշխատելու համար մենք չենք ցանկանում մտնել այդ դաշտ, տոմսերը վաճառել և ասել, գիտեք մեր օդանավը փչացել է և մենք չենք կարող թռիչք իրականացնել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նման դեպքում ոչ ոք երկրորդ անգամ ցանկություն չի ունենա օգտվել օդանավակայանից:
Նա ընդգծեց, որ հարկավոր է ինքնաթիռների այնպիսի բազա ունենալ, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ չվերթները պարբերաբար և միշտ լինելու են: «Խնդիրը միայն սրա մեջ է, այլ խնդիր չկա: Օդանավականն ամբողջությամբ պատրաստ է: Այսօր մեր ուղղաթիռներն այնտեղ իջնում են և որևէ խնդիր չկա»,- ասաց ՊԲ հրամանատարը: