Ձկնամթերքի արտահանումը ձեռնտու է արտահանողի՞ն, թե՞ նրան նման իրավունք վերապահողին

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց Հայաստանում ձկնարտադրության արտահանման հիմնախնդիրների և դրանց լուծման տարբերակների ու մեթոդների մասին՝ ասելով, որ Միջազգային քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Ռուսաստանում արտահանումների խնդիրը դրվել է բավականին բարդ իրավիճակում, և հիմա մեր շատ տնտեսվարողներ՝ դրանից ոգևորված, մտածում են, թե պետք է այս իրադրությունը ճիշտ օգտագործել և ունենալ արտահանման հետ կապված ձեռքբերումներ:

Արթուր Աթոյանը արտահանման խոչընդոտները ներկայացրեց մի քանի կետերով.

«1. Արտահանման գործընթացը հասարակության կողմից վերահսկելի դարձնելու համար պետք է կարողանանք թափանցիկության միջոցով իրազեկվել, թե ինչպիսի մեխանիզմներ ու տեխնիկական պայմաններ են օգտագործվելու արտահանման ընթացքում:

2. Պետք է իրականացվի արտահանողների իրավունքների և տնտեսական շահերի պաշտպանություն, որովհետև մենք ունենք պրակտիկ երևույթներ, երբ արտասահմանյան երկրներում մեր արտահանողներին ենթարկում են որոշակի ներգործության միջոցների, իսկ մեր տեղական լիազորության մարմինները իզորու չեն նրանց պաշտպանելու, օրինակ՝ Լիճքում տեղակայված «Գոս» ընկերությունը, որի մոտ ամեն ինչ բերվել է բավարար մակարդակի, բայց դեռ իրավունք չի ստացել իր արտահանման գործընթացը վերականգնելու:

3. Սննդի անվտանգության պետական ծառայության դերն ու նշանակությունը՝ ձկնամթերքի արտահանման գործում: Սննդի անվտանգության պետական ծառայությունը զրկված է իր լիազորությունները լիարժեք իրականացնելուց, որը վնասում է տնտեսվարողի շահերը: Ես կարևորում եմ տնտեսվարողի շահը, որովհետև պետությունը հզոր է, երբ ունի կայացած տնտեսվարողներ:

4. Պետք է ուշադիր լինենք բնապահպանական բարեփոխումներին, դրանց առաջացրած հետևանքների նկատմամբ, որոնք արտահանման համար խոչընդոտներ են ստեղծում:

Օրինակ, հիմա պետք է արտահանման գործընթացի ծավալներն ավելացնենք, սակայն նոր գործառույթներ են իրականացվում Բնապահպանության նախարարության կողմից՝ ձկնարտադրական տնտեսվարող կազմակերպությունների ջրային ռեսուրսների՝ 1/3-ով կրճատման համար: Գիտնականների մի խումբ կարծում են, որ նման միջոցառումների կիրառումը մեր ստորգետնյա ջրային պաշարների վերականգնման համար նպաստավոր պայմաններ չեն կարող հանդիսանալ, որովհետև համեմատած մեր ծախսած ջրային ռեսուրսների հետ՝ ձկնաբուծարանների ջրային ռեսուրսների կրճատումը չի ապահովի այն թիվը, որը կարող է վերականգնել տարիների ընթացքում նվազեցրած ջրային պաշարները: Իսկ ձկնարտադրողը պարտավոր է իր տնտեսությունում կիրառել ջրախնայողության միջոցառումներ:

5. Պետք է համագործակցենք բոլոր շահագրգիռ կառույցների հետ, որն իրականացվելու է աշխատանքային խմբերի միջոցով:

6. Անհրաժեշտ է պարզել , թե արտահանումն ում է ձեռնտու՝ արտահանողի՞ն, թե՞ այդպիսի իրավունք նրան վերապահողին: Սրա համար պետք է կիրառվեն վերը նշված կետերը»:

Լրագրողների հարցին՝ արդյոք մեր արտադրանքի որակը համապատասխանո՞ւմ է ռուսական շուկայի պահանջարկին՝ բանախոսը պատասխանեց. «Մեր ձկնամթերքը երբեք չի եղել, որ չհամապատասխանի ռուսական կամ եվրոպական շուկաների ստանդարտներին: Երբ մենք եղանք Եվրոպայում և ուսումնասիրեցինք նրանց ձկնարտադրությունը՝ տեսանք, թե գետից վերցրած ջրերն ինչ տեխնիկական միջոցների են ենթարկում, որ կարողանան մոտեցնել ձկնարտադրության համար օգտագործվող ջրի որակին այն դեպքում, երբ մենք ունենք ընդամենը ընդերքից եկած ջրային պաշարներ:

Մեր ձկնամթերքը իր համային հատկանիշներով և մսամթերքի ամրությամբ գերազանցում և մրցակցում է բոլոր երկրների արտադրանքի հետ: Ռուսական շուկայում մի քանի անգամ մեր ձկնատեսակի հետ կապված իբր խնդիրներ առաջացան, իսկ խնդիրը աղիքային ցուպիկն էր, որը ոչ թե ձկնամթերքի բաղադրության մեջ է եղել, այլ նրա մակերեսին: Այսինքն՝ դա կարող է հայտնվել ցանկացած ժամանակ, օրինակ, երբ տարայից դեպի վաճառասեղան փոխադրելիս՝ ընկնի գետնին կամ վաճառքի սեղանը համապատասխան մաքրման ենթարկված չլինի: Այլ խնդիր է, որ մեր Սննդի անվտանգության պետական ծառայութունը չի կարողանում պաշտպանել տնտեսվարողների շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս