Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. Մովսես Հակոբյան. razm.info
Այս տարի առանձնահատուկ էր իրավիճակն առաջնագծում: Մինչև օրս ունենք հակառակորդի կողմիցդիվերսիայի 16 փորձ, հիմնական տեղերում անհաջողության են մատնվել, որոշ դեպքերում պատասխան ստացել ու ելման դիրքեր գնացել: Հակազդող նմանատիպ 7 գործողություն ենք իրականացրել, որից 5-ը հաջողված են եղել:
Այս մասին օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության բանակի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ըստ ՊԲ հրամանատարի` հակառակորդը լարված շրջանում կրակել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, ինչին մեր հատուկ ստորաբաժանումները պատասխանել են ու պարտադրել, որ հետ քաշվեն:
«Մարտ-ապրիլ ամիսներին դիպուկահարների գործողությունների աճ էր գրանցվել: Մենք պարտադրված էինք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Իսկ այս վերջին գործողություններն առանձնահատուկ էին, քանի որ մի քանի ուղղությամբ էին և մի քանի օր շարունակ: Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում բացահայտ հարձակում էր, քանի որ 40-50 հոգով դիվերսիա չի լինում, այլ բացահայտ հարձակում էր»,- նշեց Մովսես Հակոբյանը:
Գեներալ-լեյտենանտի համոզմամբ, նրանք այդ հարձակմամբ նախատեսել էին թաքցնել իրենց կորուստների թիվը:
«Հակառակորդն այս վերջին գոծողություններով ունի 36 զոհ, որոնք մենք վերցրել ենք իրենց լրատվամիջոցներից, բայց այդ ամենը հստակ է, քանի որ բոլորի անուն ազգանունները կան: Այս բոլոր գործողություններն իրականացրել են իրենց հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, որոնք պատրաստվել են Հյուսիսային Կիպրոսում, ինչի համար էլ Ադրբեջանը մեծ գումար է վճարել Թուրքիային»,- պարզաբանեց ՊԲ հրամանատարը:
Պաշտպանության բանակի հրամանատարն անդրադարձավ նաև օգոստոսի 10-ի նախագահների եռակողմ հանդիպմանն ու դրանից հետո առաջնագծում իրավիճակի հանգստանալուն:
Համաձայն Մովսես Հակոբյանի` Ադրբեջանն այս լարված իրավիճակով մի քանի նպատակ է հետապնդել: Առաջինը` նախագահների հանդիպման նախաշեմին փորձել են ինչ-որ բան ապացուցելով ՀՀ նախագահին:
«Իբր եթե չգնաք միակողմանի զիջումների, ապա կգնանք ռազմական գործողությունների: Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս վերջին գործողությունները նրանց համար պիտի որ եզրահանգման գալու առիթ լինեն»,- վստահեցրեց Մովսես Հակոբյանը:
Իսկ մյուս նպատակն, անշուշտ, հայ զինծառայողին վնաս հասցնելն է եղել: