Նիկոլ Փաշինյանի անակնկալը. «Հրապարակ»
«Անցած մի քանի օրերին լուրեր տարածվեցին, որ Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր վեց խմբակցությունները պատրաստվում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու առաջարկների փաթեթ ներկայացնել կառավարությանը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Նման համաձայնություն ձեռք է բերվել Տավուշի մարզ վերջին այցի ժամանակ: Վեց խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 16-ին էին մեկնել դիրքեր ու սահմանամերձ գյուղեր:
Բայց մինչ ոչ իշխանականներն զբաղված էին համատեղ այցն արդարացնելու գործով, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջ ընկավ: Ֆեյսբուքով երեկ տեղեկացրեց, որ դեռ նախօրեին շրջանառության մեջ է դրել «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Փաշինյանը պարզաբանել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման ներկայացուցիչները սահմանամերձ գյուղերի բնակիչներին նման նախագիծ ստեղծելու խոստում տվել են դեռ հուլիսի սկզբին Այգեպար, Մովսես գյուղեր կատարած այցի ժամանակ: «Այս ընթացքում հարցումներ եմ ուղարկել կառավարությանը՝ նախագծի ստեղծման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:
Երեկ՝ արձակուրդից հետո ԱԺ առաջին աշխատանքային օրը, նախագիծը դրել եմ շրջանառության մեջ: Նախագիծը մշակել ենք «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամներով»,- ասել է Փաշինյանը:
Նախագծով նախատեսվում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել մի շարք արտոնություններ, որոնց թվում գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50 տոկոսի փոխհատուցում, հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից ազատում, համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու դոտացիաներ, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում նույն համայնքի տարածքում համարժեք օթևանով ապահովում և այլն:
Որոշ տեղեկություններով, Փաշինյանի քայլը տհաճ անակնկալ է մատուցել իշխանական և ոչ իշխանական խորհրդարանականներին, շատերը երեկ ընդհատակ էին անցել, իսկ մյուսները, կոնկրետ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ միայն ուրախ են, և կապ չունի, թե ով կներկայացնի սահմանապահ գյուղի բնակչի «հոգսը հոգացող» օրինագիծ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։