Ստեփան Մարգարյան. Քառյակի ծրագրերում ոչինչ չի փոխվել, և չի բացառվում 4 առաջնորդի հանդիպումը մինչև հանրահավաքը. Tert.am
Քառյակի ծրագրերում ոչինչ չի փոխվել, և չի բացառվում, որ մինչև խոստացված աշնանային հանրահավաքը լինի նաև քառյակի առաջնորդների մակարդակով հանդիպում: Այս մասին Tert.am-ին ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը։
«Քառյակն այդ ամենը կամփոփի սեպտեմբերի վերջին, ինչպես մենք պայմանավորվել և հայտարարել ենք, քառյակի ծրագրերից, հայտարարությունից որևէ բան չի փոխվել»,-նշել է նա։
Ստեփան Մարգարյանը նշել է, որ թեև կոնկրետ օր և ժամկետ առաջնորդների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՅԴ առաջնորդներ Արմեն Ռուստամյանի և Հրանտ Մարգարյանի, հանդիպման համար ֆիքսված չէ, բայց հանդիպման պայմանավորվածություն միշտ էլ կա։ «Ես ոչինչ չեմ բացառում, ինչը հարմար է, մենք դա կանենք, բացարձակ որևէ խնդիր չկա՝ հանդիպում կազմակերպելու առաջնորդների մակարդակով։ Եթե անհրաժեշտություն առաջանա, հնարավոր է՝ մի քանի հանդիպում էլ լինի, անհրաժեշտությունից է կախված, և ոչ թե նրանից, որ հանդիպման պայմանավորվածություն չկա. հանդիպման պայմանավորվածություն միշտ կա, բայց կոնկրետ օր, ժամկետ ֆիքսված չէ այս պահին»,- նշել է նա։
ԲՀԿ պատգամավորը նաև հստակ չնշեց, թե երբ կլինի խոստացված հանրահավաքը։ «Քառյակը դեռևս հանրահավաքի օր չի նշանակել»,- ասել է նա՝ համաձայնելով, որ հանրահավաքն անխուսափելի է, քանի որ իրենց պահանջած 12 կետը իշխանությունները գրեթե չեն կատարել։ «Ասել, որ ոչ մի կետ կյանքի չի կոչվել, այդքան էլ ճիշտ չի լինի, բարձրացված որոշ խնդիրներ լուծվել են, բայց ամփոփ գնահատականը մենք, ինչպես պայմանավորվել ենք, կտանք սեպտեմբերի վերջին։ Բայց ես հակառակը չեմ էլ պնդում. այն, ինչ ասել ենք, ուժի մեջ է, քառյակի հայտարարության մեջ ինչ գրված է, որևէ բան չի փոխվել»։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: