Բաժիններ՝

Կարճատեսության զարգացումը խորհուրդ է տրվում կանխել արևի լույսով

Ավստրալիացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ որքան շատ են դեռահասները և երիտասարդ մարդիկ ժամանակ անցկացնում մաքուր օդում՝ արևային լույսի ազդեցության տակ, այնքան ցածր է միօպիայի (կարճատեսության) զարգացման ռիսկը: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են առցանց՝ Science Network Western Australia-ի կայքում:

Միօպիայի և մաքուր օդում մարդու ակտիվության միջև կապը պարզել են Նոր Հարավային Ուելսի համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով շաղկապենու ուլտրամանուշակագույն աուտոֆլուրեսցենցիան, որը աչքի հյուսվածքի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցության ցուցանիշն է: Այս մեթոդն ավելի օբյեկտիվ է և հստակ, քան մասնակիցների հարցումն այն մասին, թե որքան ժամանակ են նրանք անցկացնում դրսում. այդ մասին նշել են գիտնականները:
1344 մարդկանց մասնակցությամբ հետազոտության համար ստեղծվել է հատուկ տեսախցիկ, որը թույլ է տվել ստանալ մասնակիցների աչքերի ուլտրամանուշակագույն լուսանկարները: Այնուհետև այդ լուսանկարների միջոցով գիտնականները գնահատել են արևային լույսից աչքի հյուսվածքի վնասման աստիճանը:

Ինչպես ցույց է տվել ստացված տվյալների վերլուծությունը, այն մարդիկ, ովքեր ավելի շատ են դրսում եղել, ունեցել են աչքի հյուսվածքի վնասվածքի ավելի բարձր մակարդակ, սակայն միևնույն ժամանակ նրանց մոտ կարճատեսության զարգացման ռիսկն ավելի փոքր է եղել:

Պրոֆեսոր Դեյվիդ Մակկեյի խոսքերով, չնայած մինչ այժմ բացահայտված չէ, թե ինչպես է արևային լույսը պաշտպանում կարճատեսությունից, գոյություն ունեն մի քանի տեսություններ, որոնք բացատրում են այդ կապը: Դրանցից մեկի համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթի անդրադարձն աչքի առաջնային հատվածի վրա դրական ազդեցություն է թողնում ակնային հատակի վիճակի վրա: Մեկ այլ տեսության համաձայն՝ արևային լույսի ազդեցությունը աչքի ցանցաթաղանթի վրա խթանում է դոֆամինի արտադրությունը, ինչը կանխում է ակնագնդի երկարումը, որ նկատվում է միօպիայի ժամանակ:

Այնուամենայնիվ, պրոֆեսոր Մակկեյը ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ արևի չափազանց շատ ճառագայթումը կարող է մեծացնել մելանոմայի և ակնային այնպիսի ախտահարման զարգացման ռիսկը, ինչպիսին պտերիգոիդը, որն իրենից ներկայացնում է եղջրաթաղանթի մակերեսային ներաճ շաղկապենու մեջ՝ եռանկյունաձև ծալքավորման առաջացմամբ: Այս առնչությամբ՝ գիտնականը նշում է, որ պետք է գտնել «ոսկե միջինը» մաքուր օդում գտնվելու անհրաժեշտ բավարար ժամանակահատվածի և մեր օրգանիզմին վնաս չհասցնելու միջև:

doctors.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս