«Կարեն Պետրոսյանը գերեվարվել է մեր տարածքից». ավանակը, որով գնացել է փայտի, հայտնաբերել են հայկական կողմում. ԳԱԼԱ
Օգոստոսի 7-ին գերության մեջ հայտնված և հենց Ադրբեջանում օգոստոսի 8-ին մահացած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակի հայրենադարձման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, սակայն առայժմ որևէ առաջընթաց չկա այդ գործընթացում: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Վերջինս նշել է, որ ԿԽՄԿ-ն առայժմ գործընթացի բուն մասնակիցը չէ, քանզի նման դեպքերում կառույցն առաջարկում է միջնորդի դերը և իրականացնում այն՝ փորձելով այս փուլում միայն համաձայնության գալ:
«Իհարկե մենք որոշակի քայլեր անում ենք, և դա մեր ուշադրության կենտրոնում է: Մենք՝ որպես կազմակերպություն, իրավասու չենք մասնակցելու որոշակի քննությունների, հետազոտությունների, դա իշխանությունների կամ մեկ այլ կազմակերպության խնդիրն է»:
Թե որն է պատճառը, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում դին վերադարձնել, Զառա Ամատունին մեկնաբանել չցանկացավ՝ միայն նշելով. «Պատճառները բազմաթիվ են, սակայն մեր կազմակերպության մանդատն այնպիսին է, որ չենք կարող ոչ մեկնաբանել և ոչ էլ բարձրաձայնել այն մանրամասները, որոնք մենք քննարկում ենք իշխանությունների հետ: Բանակցային գործի ընթացքի մասին էլ որևէ բան ասել չեմ կարող, որովհետև երբ փաստացի լինի, կարձանագրենք»:
Ինչ վերաբերում է գործի քննության ընթացքին, ապա քննչական կոմիտեն գործն ուսումնասիրում է երկու ասպեկտներով՝ խնդիր է դրել պարզելու նախ Կարեն Պետրոսյանի գերեվարման պատճառներն ու հանգամանքները, այսինքն ինչպես է ստացվել, որ Կարեն Պետրոսյանը հայտնվել է ադրբեջանական տարածքում, ապա նրա մահվան հանգամանքները:
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն էլ նշել է. «Նախաքննությամբ ձեռք են բերվել մի շարք ապացույցներ, որոնք այս փուլում դեռևս չենք կարող ավելի մանրամասն հրապարակել, բայց որոշ հանգամանքներ կարող ենք ներկայացնել՝ մասնավորապես խոսքը նրա գերեվարմանն է վերաբերում՝ մենք փորձեցինք վերականգնել դեպքերի հաջորդականությունը: Կարենն ավանակով է գնացել վառելանյութի հետևից, ինչպես նրա հարազատներն են նշում, և այդ ավանակը գտնվել է հայկական տարածքում, այսինքն փաստը կա, որ նա սահմանը ավանակի հետ չի անցել: Այսինքն՝ այս և մի շարք այլ հանգամանքներ հիմք են տալիս առաջ քաշելու այն հանգամանքը, որ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է մեր տարածքից»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: