Եզդիները խնդրում են ողջ մարդկությանը օգնել իրենց և տարբերել եզդիներին՝ քրդերից

Իրաքում եզդիների դեմ իրականացվող ոտնձգությունների և բռնությունների վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, եզդիների հոգևոր առաջնորդ, շեյխ Բրո Հասանյանը և Արարատի մարզի եզդիների միության նախագահ Քյարամ Սլոյանը:

Եզդիենրի միության նախագահ Ազիզ Թամոյանն ասաց, որ Իրաքի հյուսիասային մասում եզդիներն ապրել են մոտ 5000 տարի առաջ, այսօր եզդիների թվաքանակն այնտեղ կազմում է 1 մլն 300, 000 մարդ.

«Քրդական կազմակերպությունները եզդիների նկատմամբ պարբերաբար շատ դաժան են վարվել: Նրանց նպատակն է՝ այդ տարածքում արևապաշտ եզդիներին մուսուլմանացնել, քրդացնել ու վերացնել երկրի երեսից: Նրանք իսկապես հասան իրենց նպատակներին՝ Սինջարում սկսելով ցեղասպանություն եզդիների նկատմամբ:

Երեկ ես խոսեցի Իրաքի եզդիեների հետ և ասացին, որ իրենք ունեն 1500 զինյալներ, որոնք կռվում են բարբարոս քրդերի դեմ: Եզդիենրը թողել են իրենց բնակավայրերը՝ Սինջարի շրջանի 70 գյուղերը և ապաստանել լեռներում, իսկ այն մասը, որ չի կարողացել փրկվել՝ կոտորվել է: 3 օր առաջ Կոջո կոչվող գյուղում 81 կնոջ հանել են գյուղից, բոլորի հետ կենակցել ու տեղում գնդակհարել են: Այդ գիշատիչներն իրավունք չունեն այս երկրի երեսին ապրելու: Մարդը երբ ծվում է ունի իրավունք՝ որ դավանանքը կընդունի՝ իր իրավունքն է, եթե նրանց կրոնական օրենքն է՝ պարտադրել իրենց կրոնը բռնի ուժով, ուրեմն՝ թքեմ դրանց կրոնի վրա: Դա կրոն չէ, այլ ստորություն է»,- նշեց Ազիզ Թամոյանը:

Եզդիների միության նախագահը պատմեց, թե ինչպես 3 օր առաջ Քիր Խդր կոչվող գյուղում Բարզանու զորքը մտել ու կոտորել է ամբողջ բնակչությանը՝ բացառությամբ տասնութամյա մի տղայի, որն էլ պատմել է , թե ինչպես է քրդական Բարզանու զորքը գիշերվա ժամը 2-ին մտել ու կոտորել ողջ գյուղը. «Հիմա Բարզանին էլ իբրև թե եզդիների պաշտպան է դառնում: Նույն սցենարն են կազմակերպում եզդիների դեմ, ինչպես 1915-18թթ. հայ ժողովրդի դեմ կազմակերպվեց: Ինչպես Արևմտյան Հայստանը դատարկվեց, այդպես էլ Սինջարն է դատարկում: Մուսուլմանական աշխարհը այդպես է դաստիարակվել, այդպես են շարունակում ոչ մուսուլման ժողովուրդների նկատմամբ վարվել: Եթե ուզում էին, որ ամբողջ աշխարհը իսլամանար, թող դա անեին իրենց գաղափարախոսությամբ, այլ ոչ թե մարդկանց արյան գնով»:

Ազիզ Թամոյանն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ իշխանություններին, կուսակցություններին, որոնք իրենց եզդի եղբայրներին պաշտպանելու հայտարարությամբ հանդես եկան. «Բայց մի խնդրանք ունեմ Դաշնակներից, որոնք մի քանի օր առաջ Շահումյանի հրապարակում ասում էին, թե քրդերը պաշտպանում են եզդիներին: Սա պատմություն է և չի կարելի այն խեղաթյուրել, նման բան չկա, քուրդը քրդին չի սպանում, այլ արևապաշտներին ու խաչապաշտներին: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում միայն մի քուրդ ընտանիք կա, քրդեր գոյություն չունեն, Հայաստանում չկան քրդական համայնքներ»:

Եզդիենրի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանն ասաց, որ եզդի ազգը դարձավ մի քանի մարդկանց քաղաքական և տարածքային շահի զոհը. «Սա Թուրքիայի նախագահ Էրդողանի, Իրաքի նախագահ Թալաբանիի և Իրաքի տարածքում գտնվող՝ Բարզանի ծրագրի իրագործումն է: Եզդի ազգը հույս ունի, որ իր հոգևոր առաջնորդը, գերագույն ղեկավարը պատք է ինչ-որ միջոցներ ձեռնարկի, բայց ես հայտարարում եմ՝ Եզդների հոգևոր առաջնորդը իր ժողովրդին լքեց ամենածանր պահին»:

Շեյխն իր զարմանքն է հայտնում, թե ինչպես կարելի է 21-րդ դարում բնաջնջել մի ազգի իր հավատքի համար. «Իհարկե, մարդկության պատմության մեջ նման դեպքեր եղել են՝ ցեղասպանություն է կատարվել հայ ժողովրդի նկատմամբ՝ քրիստոնյա լինելու համար, իսկ այս դարասկզբին եզդի ազգը դարձավ նույն դահճի զոհը: Իսկ գերտերությունները, որ աշխարհում քարոզում են դեմոկրատիա, ազգեր միջև հավասարություն, իրենց աչքերի առջև են բնաջնջվում հազարավոր ընտանիքներ: ԱՄՆ-ը սկզբում նրանց մի քանի իսլամական հենակետեր ոչնչացրեց, այնուհետև որոշեցին, որ Բարզանին՝ իր քրդական զորքերով, սատար է կանգնելու եզդիներն, զենք է մատակարարելու նրանց և ամբողջ օգնությունը տվեցին Բարզանին, որոնք խաղաղ մարդու քողի տակ սկսեցին շարունակել իրենց արաբ եղբայրների գործը:

Եզդիենրն իրենց պատմության ընթացքում երբեք ոչ մի ազգի նկաըմամբ չեն ունեցել թշնամանք և ոչ մի ազգի չեն ասել , թե ձեր հավատքը աստվածային չէ: Մուսուլմանները բոլոր ժամանակներում էլ աստծո անունով արյուն են թափել: Եզդի ազգը՝ լինելով հավատացյալ ազգ, մի ազգ, որ Աստծուց այն կողմ ոչինչ չի տեսնում, բոլոր իր հաջողություններն ու դժբախտություններն ընդունում է, որպես Աստծուց տրված: Մենք խնդրում են գերտերություններին՝ ժամանակն է ճանաչել, տարբերել եզդին՝ քրդից. քուրդը մուսուլման է, եզդին՝ արևապաշտ»:

Շեյխը մեծ բախտավորություն է համարում, որ 14-րդ դարից սկսած ապրում են հայ ժողովրդի հետ. «Փառք եմ տալիս Աստծուն, որ եզդի ազգը՝ կոտորվելով Քերբալա դաշտավայրում, 14-րդ դարի վերջին անցավ Սինջար լեռը և միացավ քրիստոնյա հայ ժողովրդին: Քրիստոնյա հայերն արդեն 800 տարի է պահում , պաշտպանում են մեր հավատքը, մեր կրոնը, մեր բոլոր սովորույթները: Ես խոնարհվում եմ հայ ժողովրդի առջև, նրանք առաջին օրվանից մեզ կարեկցում են, մեր կողքին կանգնած են և պատրաստակամ են ինչ-որ բանով մեզ օգնել: Համոզված եմ, որ այս օրերն էլ կանցնեն և մենք նորից հայ-եզդիական եղբայրությունը կդնենք ամուր հիմքերի վրա»:

Արարատի մարզի եզդիների միության նախագահ Քյարամ Սլոյանն, ի տարբերություն մյուս բանախոսների, իր վրդովմունքը հայտնեց ՀՀ իշխանությունների վերաբերյալ. «Մի քանի օր առաջ մենք ցույց էինք կազմակերպել կառավարության շենքի դիմաց, Հովիկ Աբրահամյանը չբարեհաճեց մեկ րոպեով իջնել ու լսել մեզ, երևի մտածեց՝ եզդիներ են, եկել են, կգնան: Իսկ երբ գնացինք Ֆրանսիայի դեսպանատուն, նրանք ասացին, որ կօգնեն մեզ: Սա մեծ ցավ է մեզ համար, որովհետև հայ ազգի հետ եղել ենք կողք կողքի՝ բոլոր հարցերում: Հայ ժողովուրդը ակտիվ կերպով արձագանքեց այս դեպքերին, հետո նոր կառավարությունը ձայն հանեց»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս