Բաժիններ՝

Անկախության տարիների սերունդն այսօր հասարակության շարժիչ ուժն է. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Բազե-2014» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի հանդիսավոր բացմանը, հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով բազեականներին հավաքի մեկնարկի առթիվ` երկրի վարչապետը նշել է. ««Բազե» երիտասարդական հավաքի հիմքում դրված է հայության եռամիության սուրբ գաղափարը՝ միասնության միջոցով խրախուսելու հայրենասիրությունը, պահպանելու ազգային հարուստ ավանդույթները, բացահայտելու և զարգացնելու հայ երիտասարդների կարողությունները: Իր պատմության 12 տարվա ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել ավելի քան 8000 երիտասարդի Հայաստանից, Արցախից և Սփյուռքից` վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման»:

Կառավարության ղեկավարի խոսքով` անկախության տարիների սերունդն այսօր հասարակության շարժիչ ուժն է, հայոց պետականության ամրապնդման ու զարգացման երաշխիքը և բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: «Դուք դա անում եք ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրության ոգով: Դրա վառ ապացույցն է նաև վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը: Այսօր ես վստահությամբ կարող եմ ասել, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքում է», – ընդգծել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը շարունակելու է երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացումը:

Հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը, գյուղատնտեսության և տարածքային համաչափ զարգացմանը, սահմանամերձ համայնքների համար պետական աջակցության (այդ թվում նաև՝ կրթական) ծրագրերի իրականացմանը, կառավարություն–հասարակություն փոխհամագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպմանը և այլն:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Բազե» ամենամյա հավաքն այս տարի անցկացվելու է օգոստոսի 18-24-ը` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից ժամանած 18-30 տարեկան շուրջ 500 երիտասարդի մասնակցությամբ: Համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում՝ բազեականների 45 ջոկատ ուժերը չափելու է մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ, մշակութային և ռազմական մրցույթներում: Հավաքի 7 օրվա ընթացքում երիտասարդները նաև հանդիպումներ են ունենալու ՀՀ պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Այս տարի առաջին անգամ «Բազե»-ում կազմավորվել է նաև հասարակական կազմակերպությունների ջոկատ։ Ի դեպ, եռագույնի ներքո համախմբված բազեականների շապիկներին պատկերված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս