Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ

Մարդասիրության համաշխարհային օրը մենք վերստանձնում ենք փրկարար օգնություն ցուցաբերելու մեր հանձնառությունը եւ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են այս ազնիվ գործին ծառայելիս:
Անցյալ տարի մարդասիրական ոլորտի ավելի շատ աշխատակիցներ են առեւանգվել, լրջորեն վիրավորվել կամ սպանվել, քան նախկինում երբեւէ: Սա սահմռկեցուցիչ է և որեւէ արդարացում չունի:

Վերջին շաբաթներին մարդասիրական առաքելության տասնյակ աշխատողներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ընտանիքի անդամներ, կորցրել են իրենց կյանքը Հարավային Սուդանում եւ Գազայում: Չափազանց մեծ թվով մարդիկ են զոհվել կամ տուժել կազմակերպված հարձակումներից:

Այս հանցագործություններն ամենածանր հարվածն են հասցնում մարդասիրական ոլորտի աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին:

Սակայն դրանք անդրադառնում են նաեւ միլիոնավոր այլ մարդկանց վրա:

Հարձակումները մարդասիրական առաքելության աշխատակցների վրա թույլ չեն տալիս, որ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մարդիկ ստանան փրկարար օգնություն:

Երեխաները չեն պատվաստվում: Հիվանդ ու վիրավոր մարդիկ չեն բուժվում: Իրենց տները հարկադրաբար լքած մարդիկ մնում են առանց սննդի, ջրի ու կացարանի՝ ենթակա բռնության, հիվանդության կամ այլ վտանգների:

Մարդասիրության համաշխարհային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մարդասիրական առաքելությունների հերոսական աշխատակիցներին, որոնք խիզախորեն առաջ են մղվում՝ օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց:

Մենք հիշում ենք նրանց զոհողությունները եւ ճանաչում ենք միլիոնավոր մարդկանց, որոնց գոյատեւման ապավենը մարդասիրական առաքելության աշխատակիցներն են:

Եկեք հարգանքի տուրք մատուցենք ընկածներին՝ պաշտպանելով նրանց, ովքեր իրենց գործն են անում, եւ աջակցելով ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս