Բաժիններ՝

Բերդում տեղի ունեցավ «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորանի այգիներում այսօր տեղի ունեցավ «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը», որն արդեն ավանդական է դարձել:

Սկզբում Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը կատարեց խաղողօրհնեքի արարողություն, իսկ հրավիրված երգիչներն ու երաժիշտները փառատոնն իսկակական տոնի վերածեցին։ Փառատոնին մասնակցելու համար Բերդ էր ժամանել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, բազմաթիվ այլ հյուրեր:

Կազմակերպիչները նպատակ ունեն փառատոնի միջոցով նպաստել Տավուշի մարզի Բերդ համայնքի տնտեսական զարգացմանը։ Փառատոնի հիմնական մասնակիցները Տավուշի մարզի տարբեր համայնքների բնակիչներն էին, ովքեր ներկայացնում էին մարզի գործարաններում պատրաստված մեղրը, պահածոները, ինչպես նաեւ հատապտուղները։

«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ, փառատոնի կազմակերպիչ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Տավուշը յուրահատուկ տարածաշրջան է և հատկապես` յուրահատուկ է իր բնակիչներով։ «Շատ կարևոր է այս ժողովրդի կողքին լինել, իրենց հնարավորինս աջակցել, ընդհանրապես` Տավուշի մարզին պետք է հատուկ կարգավիճակ տալ: Նման միջոցառումներն էլ շատ կարևոր են ուշադրության տեսանկյունից, նաև` նրա համար, որ տեղացիները կարողանան իրենց արտադրանքն իրացնել»,-ասաց նա։

Մեղրի և հատապտղի երրորդ ամենամյա փառատոնի հիմնական կազմակերպիչներն են «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» hիմնադրամը, Բերդի քաղաքապետարանը եւ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս