ՀՀ առողջապահության նախարարը մեկնաբանում է Երեւանում գրանցված մայրամահացության դեպքը. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն օրերս անդրադարձել էր օգոստոսի 2-ին Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում Երեւանի բնակիչ Սյուզաննա Իսրայելյանի մահվան փաստին: Կինը մահացել էր 4-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ, հարազատների խոսքերով, անհայտ պատճառներից:
28-ամյա Սյուզաննայի մահվանից հետո բժիշկները որեւէ կերպ չեն կարող բացատրել, թե ինչ է պատահել եւ ինչպես է եղել, որ կինը մահացել է, այն էլ երեխան ծննդաբերելուց հետո: Իսկ նորածինը դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո:
Կատարվածի առնչությամբ ԳԱԼԱ-ին որոշ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ նախնական կլինիկական ախտորոշման համաձայն՝ 28-ամյա կնոջ մոտ եղել է պտղաջրային էմբոլիա, բայց վերջնական պատկերը եւ գործողությունների հաջորդականությունը պարզ կդառնա, երբ պատրաստ լինի իրավապահ մարմինների կողմից նյութերի հավաքագրումը: «Այսօր գտնվում է իրենց տիրույթում եւ պետք է սպասենք իրենց վերջնական եզրակացությանը»,- ասաց նախարարը:
Նշենք, որ մահացած կնոջ մոր խոսքով՝ աղջիկը առողջական որեւէ խնդիր չի ունեցել եւ ուշաթափվել է միայն ծնարանում, որտեղ հղի կնոջը պահել են ժամեր շարունակ: Այս առնչությամբ նախարարը նշեց. «Ես չեմ կարող մեկնաբանել նեղ մասնագիտական խնդիրները, թե ինչպես է եղել, համոզված եմ, որ իրավապահ մարմինները այդ հարցերին պատասխաններ կտան շատ հստակ, նեղ մասնագիտացված հարցերին այսօր չենք կարող պատասխանել, պետք է սպասենք ամբողջ գործի քննարկմանը եւ նրանց եզրակացությանը»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: