
Ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներին՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով, հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Երկրի վարչապետն ընդգծել է, որ մասնավորապես, ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, և այդ նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը:
Վարչապետ Աբրահամյանի առաջարկով նախ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ստեղծվող հնարավորությունների, ՀՀ կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների և ֆինանսավորման գործիքների վերաբերյալ, այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն: Խոսքը փոխանցելով գործարարներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել յուրաքանչյուր նախաձեռնություն: Քննարկման ընթացքում գործարարները բարձրացրել են արտահանման կազմակերպման ենթակառուցվածքների ձևավորմանը և գործընթացի պարզեցմանը, վարկավորման պայմանների բարելավմանը, մատչելի վարկային միջոցների տրամադրմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և սարքավորումների ձեռքբերմանը, արտահանման լոգիստիկ նոր սխեմաների մշակմանը վերաբերող հարցեր և մի շարք այլ խնդիրներ ևս: Ամփոփելով հնչած դիտարկումները՝ վարչապետը հանձնարարել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրի արտահանող ձեռնարկությունների արտադրական հզորությունները, ռեսուրսները և արտահանման ծավալի ավելացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարն առաջարկել է գործարարներին ըստ արտահանվող ապրանքատեսակի ներկայացնել առկա խնդիրները և խոչընդոտները՝ պատկան մարմինների կողմից դրանք ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում լուծում տալու նպատակով: