Ինչպես եւ 100 տարի առաջ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Մարդկությունը իմունիտետ ձեռք չի բերել ցեղասպանությունների նկատմամբ:
Պատճառները բազմաթիվ են, այդ թվում նաեւ այն, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ հայերի նկատմամբ, ոչ բոլորն են, այսպես ասած, «ապացուցված համարում», եւ բազմաթիվ երկրներ զուտ քաղաքական, նաեւ տնտեսական պատճառներով հրաժարվում են ընդունել ակնհայտ փաստերը:
Այնքան ժամանակ, մինչեւ միջազգային հարաբերություններում չգործեն որոշակի բարոյական նորմեր, այլ կշարունակեն գործել միայն քաղաքական եւ տնտեսական հաշվարկներ, ցեղասպանությունները կրկնվելու են: Եզդիները շատ հին ազգ են կամ կրոն են՝ այստեղ կարծիքները տարբեր են, բայց դա տվյալ դեպքում էական չէ: Եզդիների ժամանակագրության մեջ հիմա 86-րդ դարն է՝ դա քաղաքակրթության մի շերտ է, որը մարդկությունը պարտավոր է պահպանել:
Բայց նրանք, ովքեր Հյուսիսային Իրաքում զինում են եւ թեւ են տալիս սունի ծայրահեղականներին՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, որոշ ժամանակ նաեւ՝ Միացյալ Նահանգները, խորապես անտարբեր են քաղաքակրթության հանդեպ եւ հետապնդում են դարձյալ իրենց տնտեսական եւ քաղաքական շահերը:
Ես չեմ հավատում, որ մի խումբ կրոնական մոլագարներ իրենք իրենցով կարող են ծանր սպառազինություն օգտագործելով պատերազմ վարել, տարածքներ նվաճել եւ մի ամբողջ ժողովրդի՝ եզդիների, ինչպես նաեւ՝ ասորիների, քրիստոնյա արաբների ցեղասպանություն իրագործել:
Այն, ինչ կատարվում է այսօր Իրաքի հյուսիսում, իհարկե, պետությունների աշխարհաքաղաքական խաղի մի մասն է: Բայց հազարավոր սպանված խաղաղ եզդիների ու ասորիների, քրիստոնյաների կամ շիա մահմեդականների հարազատների համար, տեղահանված եւ սարերում սովից կոտորվող մարդկանց համար այդ խաղերը դարձել են քիչ է ասել ողբերգություն՝ իսկական դժոխք:
Ամերիկացիներն ու եվրոպացիներն այս հարցում դրսեւորում են հիմնականում ծայրահեղ երեսպաշտություն, ցինիզմ, լավագույն դեպքում՝ անտարբերություն: Իսկ մե՞նք՝ հայերս: Հայաստանում հասարակական տրամադրություններին հետեւելով՝ դժվար է եզրակացնել, որ մեզ առանձնապես հետաքրքրում է մեր օրերի ցեղասպանությունը, որ այստեղ մարդկանց սիրտը ցավում է դժոխային տառապանքներ կրող մարդկանց համար»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։