Հայաստանը` ռուսական 200 միլիարդի ստվերում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ իր հաշվարկներով` արևմտյան պատժամիջոցներից ՌԴ ֆինանսական կորուստը երեք տարվա ընթացքում կկազմի 200 մլրդ դոլար:
Սա, իհարկե, բավական պատկառելի մի թիվ է, սակայն մեզ համար շատ ավելի կարևոր է ունենալ հաշվարկներ, թե մոտավորապես ինչքան կկազմեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից այդ երկրի հետ սերտորեն փոխկապակցված Հայաստանի տնտեսության կորուստները: Նման հաշվարկներ Հայաստանում, բնականաբար, չկան, դրանցով ոչ ոք առ այսօր լրջորեն չի զբաղվել:
Ըստ որում` չի զբաղվել ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը կամ ավելի շուտ` ոչ իշխանությունը: Իշխանությունների համար այս հարցով զբաղվելը ցանկալի չէ, ավելի լավ է զբաղվել բլեֆով և հայաստանյան գյուղացիական տնտեսությունների մասով հայտարարել, թե Ռուսաստանի շուկայում տեղ է բացվել՝ գնացեք ու զբաղեցրեք: Իրականում նման հայտարարությունները չափազանց անլուրջ հայտարարություններ են անգամ սիրողական հայացքով մի քիչ երկար նայելու դեպքում, էլ չասած մասնագիտական հայացքի պարագայում:
Հաշվել Հայաստանի կորուստները իշխանությունները չեն կարող, որովհետև այդ դեպքում պետք է հասարակությանն առաջարկեն կորուստներից խուսափելու կամ կորուստները այլ տարբերակներով փոխհատուցելու կամ մեղմելու՝ մասնակի փոխհատուցելու քայլեր: Իսկ այդպիսի քայլեր իշխանությունները չունեն, թեև գիտեն այդ քայլերը: Պարզապես ցանկություն չունեն անելու դրանք, քանի որ դա նշանակելու է սեփական, կլանային, թայֆայական արտոնություններից հրաժարում և իրապես մրցակցային ու ազատ տնտեսական և քաղաքական համակարգի, անկախ դատարանի ձևավորում: Այլ կերպ ասած` ներկայիս իշխանական համակարգի խարակիրի, ինչը, բնականաբար, իշխանությունները չեն անի»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։