Կարեն Պետրոսյանի սպանության փաստով քրգործ է հարուցվել. Քննչական կոմիտե
Ադրբեջանական գերության մեջ սպաված Կարեն Պետրոսյանի մահվան փաստով Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2014 թվականի օգոստոսի 7-ին՝ Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանից հաղորդում է ստացվել՝ որդու՝ Կարեն Պետրոսյանի անհետ կորելու վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Կ.Պետրոսյանը նույն օրը՝ առավոտյան ժամը 09-ի սահմաններում, գնացել է Չինարի գյուղին հարակից «Բարսեղի յալ» կոչվող հանդամաս՝ վառելափայտ բերելու եւ չի վերադարձել: Նա գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որից մեկ օր անց ՝ օգոստոսի 8-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն տեղեկատվություն է տրամադրել Կ.Պետրոսյանի՝ գերության մեջ գտնվելու ընթացքում մահանալու վերաբերյալ։
Քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել հայ գյուղացու գերեվարման վերաբերյալ համացանցում հայտնված տեսագրությունները, որոնցում առկա են նրա նկատմամբ բռնության գործադրման փաստեր։
Քննություն է կատարվում՝ պարզելու ՀՀ խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքում՝ նրա՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։
Միջոցներ են ձեռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը։