Ինչո՞վ է Արցախը գրավիչ. բացահայտում են զբոսաշրջիկները

«Առաջին անգամ եմ գտնվում Արցախում: Ես առաջ շատ բան չգիտեի Արցախի մասին»,- «Արցախպրես»-ի թղթակիցի հետ զրույցում այսօր նման խոստովանություն է արել զբոսաշրջիկ Դանիելը (ներկայացել է միայն անվամբ): Նա իսպանացի է՝ 37 տարեկան, աշխատում է իսպանական մի առևտրական ընկերությունում որպես մենեջեր: Արցախ շրջագայության է եկել Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Հունաստանից, Կանադայից, Իսպանիայից և այլ երկրներից ժամանած շուրջ 300 զբոսաշրջիկների հետ։

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում, որտեղ կայացել է զրույցը, իսպանացի զբոսաշրջիկն շարունակել է իր խոսքը. «Ես շատ հետաքրքիր վայր եմ համարում Արցախը։ Այստեղ գտնվելու իմ հիմնական նպատակն այն է, որպեսզի ծանոթանամ Արցախի պատմությանը, մշակույթին, ճանաչեմ մարդկանց։ Արդեն հասցրել ենք այցելել Շուշի, Ստեփանակերտ և պատրաստվում ենք մեկնել Տիգրանակերտ»:

Դանիելի խոսքով երկու պետությունների՝ Իսպանիայի և Արցախի նմանությունները նրանում են, որ, նախ՝ երկուսն էլ քրիստոնյա են, և ապա՝ լեզվական առումով, (նկատի ունի, որ թե իսպաներենը և թե հայերենը մտնում են հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ), մի քիչ նման ենք։ Այդ իրողությունները ավելի են հետաքրքրել հյուրին։

«Կարծում եմ, որ շատ հարուստ մշակույթ ունեք, որ այն զարգացրել եք դարեր շարունակ։ Վատ ժամանակներ են եղել Արցախի համար, բայց ոտքի եք կանգնել ժամանակի ընթացքում»,-խոսքի ավարտին ասաց իսպանացին։

Զբոսաշրջիկների խմբում թղթակցի երկրորդ զրուցակիցը ազգակից էր՝ Լոս Անջելեսից ժամանած Արմեն Դավուդյանը՝ 38 տարեկան, մասնագիտությամբ բրոքեր։

«3 օրվա շրջայցով երեկ երեկոյան ենք եկել,- ասաց նա։ -Առաջին անգամ եմ Արցախում։ Ինձ դուր են գալիս Արցախի պատմությունը, մշակույթը, ամեն-ամեն ինչը…»։ Նշելով, որ մինչ այդ լիարժեք պատկերացում չուներ Արցախի մասին Արմենը շտապեց ավելացնել, որ իր գլխավոր նպատակն Արցախը տեսնելն ու խորապես ճանաչելն է։ Եղել է նաև Երևանում, բայց Արցախն ավելի է հավանել։ Ամենատպավորիչ տեսարժան վայրը Արմեն Դավուդյանի համար Շուշին է։

«Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանը շատ հետաքրքիր է, և ուղեկցորդն էլ շատ մանրամասն ու բովանդակալից ներկայացրեց Արցախի պատմությունը»,- գոհունակությամբ նշեց սփյուռքահայ զբոսաշրջիկը՝ հավելելով, որ արցախցիները շատ լավ տպավորություն են թողել իր վրա. այստեղ մարդիկ ավելի ազնիվ են։ «Արցախում շատ ավելի լավ են պահպանվում ավանդությունները, քան Միացյալ Նահանգներում է»,- ընդգծեց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս