Բաժիններ՝

Մեկ միլիարդ Լիբանանի՞ն, թե՞ Հարիրիին

Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էի Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Աբդուլ Ազիզի Լիբանանի բանակի համար տրամադրած թագավորական, մեկ միլիարդ դոլար նվերին: Աշխարհի բոլոր խոշոր լրատվամիջոցները հայտնեցին Լիբանանի հյուսիս-արեւելյան Աարսալ բնակավայրի վրա իսլամ ծայրահեղական խմբավորումների հարձակման ու դրա արդյունքում երկրում ստեղծված վտանգավոր կացության մասին: Թեեւ բանակային իշխանությունները հայտնեցին ահաբեկիչների հարցերը արագ լուծելու իրենց բավարար ներուժի մասին, սակայն զուգահեռաբար տարբեր պաշտոնյաներ նշում էին կառավարական բանակի հնացած սպառազինության եւ թերզինվածության մասին: Այնպես որ նվերը ե՛ւ ժամանակին էր ե՛ւ տեղին:

abdulahՍակայն նոր մանրամասներ եւ զարգացումներ ի հայտ եկան, որոնց մասին Լիբանանից դուրս դեռ քչերն են տեղյակ…

Ի սկզբանէ նվերը միանշանակ չընկալվեց, քանի որ, համաձայն բազմաթիվ աղբյուրների, նույն Սաուդյան Արաբիան է կանգնած Աարսալը գրաված, իսկ հիմնականում Սիրիայում եւ Իրաքում կառավարական զորքերի դեմ կռվող «Ժաբհատ ալ-Նասրայի» եւ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» սուննի խմբավորումների թիկունքին: Իսկ հիմա պարզվում է, որ Սաուդիտ թագավորը այդ մեկ միլիարդի տնօրինումը վստահել է ոչ թե Լիբանանի կառավարությանը այլ նախկին վարչապետ, Լիբանանի սուննիների «Ապագա» շարժման նախկին նախագահ, 2011 թվականից ի վեր Ֆրանսիայում բնակվող Սաադ Հարիրիին (Saad-eddine Rafic Al-Hariri):

haririԱյո, այո 2005-ին Բեյրութի կենտրոնական փողոցներից մեկում ահաբեկիչների տեղադրած ռումբի պայթունից իր զրահապատ մեքենայի մեջ զոհված Ռաֆիկ Հարիրիի որդին է:

Թագավորական նվերի մասին հայտարաելուց երկու օր անց, օգոստոսի 8-ի առավոտյան, երեք տարուց ի վեր Լիբանանից «անվտանգության նկատառումներով» բացակայած Սաադ Հարիրին հայտնվեց Լիբանանում՝ Լիբանանի բանակին օգնելու առաքելությամբ:

Սաադն արդեն իսկ հանդիպել է Լիբանանի վարչապետ, նույնպես սուննի Թամամ Սալամի (Tammam Salam) հետ, ողջույնի ու բարի գալուստի զանգեր ստացել բազմաթիվ բարձրաստիճան լիբանանյան պաշտոնյաներից: Բնականաբար ոգեւորություն է տիրում նաեւ Լիբանանի սուննի համայնքում, ուր դեռ հստակ չիմանալով թե ինչքան ժամանակով է ժամանել իրենց երբեմնի առաջնորդը, լուրջ հույսեր են կապում նրա հետ:

Ինքը Հարիրին առայժմ խուսափողական է պատասխանում ինդմիշտ վերադառնալու վերաբերյալ լրարողների հարցերին:

Իսկ թե ինչպես է տնօրինելու Հարիրին սաուդյան միլիարդը, ինչ մեխանիզմներով են գնումներ արվելու լիբանանյան բանակի համար, որքանով է ծառայեցվելու այդ տնօրինումը իր եւ սուննի համայնքի ուժեղացմանն ու շիաների Հզբոլլահի հետ մրցակցության թեժացմանը, ժամանակը ցույց կտա:

Առայժմ կարող ենք արձանագրել, որ միլիարդատեր, ի դեպ Սաուդյան Արաբիայում ծնված, ԱՄՆ Ջորջթաունի համալսարանն ավարտած Սաադ Հարիրիի վերադարձը Լիբանան աշխուժացրել է լիբանանյան քաղաքական անցուդարձը: Իսկ բանակին օգնելու համար նախատեսված սաուդյան փողերը, ոչ թե իշխանություններին, այլ էմիգրացիայում գտնվող անհատի միջոցով հատկացնելը, հերթական ապացույցն է, առ այն որ ամեն ինչ չէ, որ մաքուր է Սաուդիտներ-Լիբանան հարաբերություններում:

Կարապետ Ռուբինյան
Անթիլիաս, 08.08.2014թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս