Միասնության շուրջպար՝ Ստեփանակերտում (լուսանկարներ)
Երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել միասնության շուրջպար՝ արցախցի, ինչպես նաև Գորիսից ու Սփյուռքից ժամանած հարյուրավոր պատանիների և աղջիկների մասնակցությամբ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը, որը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ նախաձեռնել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարությունը, բաղկացած էր երեք մասից. ազգային ավանդական խաղեր, ազգային պարեր, այդ շրջանակում՝ միասնության շուրջպար և համերգային ծրագիր:
Նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանի հաղորդմամբ՝ պարային կատարումներով, այդ թվում՝ միասնության շուրջպարով, հանդես են եկել «Արցախ» ազգային պար նախաձեռնության մասնակիցները, Հադրութի շրջանի Տող, Մարտունու շրջանի Ճարտար գյուղերի արվեստների դպրոցների սաները, մարտակերտցի և գորիսցի, ինչպես և Արցախում ամառային հանգիստ անցկացնող սփյուռքահայ տղաներն ու աղջիկները՝ թվով շուրջ 300 հոգի: Իսկ ազգային-ժողովրդագրական երգերից բաղկացած համերգային ծրագրով հրապարակում հավաքված հազարավոր ստեփանակերտցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև ելույթ է ունեցել Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։
«Այս միջոցառումն արդեն ավանդական է դարձել և երրորդ տարին է, ինչ այսպես շուքով նշում ենք Երիտասարդության միջազգային օրը՝ փորձելով ամեն տարի մի նորություն մտցնել», ասաց Դ. Ղուկասյանը՝ հավելելով, որ նման միջոցառումներով հանդես են եկել նաև զորամասերում: Հավաստելով, որ միջոցառումը շարունակական կլինի, նախարարության բաժնի պատասխանատուն նշեց, որ նպատակն է ոչ միայն համախմբել հայ երիտասարդությանը և նպաստել նրա ռազմահայրենասիրական դաստիարակությանը, այլև օգնել, որպեսզի աճող սերունդը չմոռանա ու պահպանի ազգային և ավանդական երգերն ու պարերը, առհասարակ՝ հայկական մշակույթը, օժանդակել, որպեսզի աշխարհասփյուռ հայ երիտասարդներն այսպես անմիջական ու ջերմ մտնոլորտում շփվեն ու ճանաչեն իրար։