Բաժիններ՝

Չարչարանց ուղի

tesankyun.am-ը գրում է. Ադրբեջանական  գնդակոծության վտանգի պատճառով շարունակում է  փակ մնալ  Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Մեքենաները շարունակում են  երթեւեկել   սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարի ճանապարհով:

Օգոստոսի 10-ին վարորդները  ազերիների գնդակոծությանից  երկյուղելով,  այդ ճանապարհին միանում   էին ոչ թե  միջպետական մայրուղուց, այլ Ոսկեպար գյուղի մեջով անցնելով:

Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն ասաց, որ օգոստոսի 12-ին  ավտո մեքենաները  այլեւս Ոսկեպար գյուղ չեն մտնում, այլ Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհից  Ոսկեպար –Բաղանիս շրջանցիկ ճանապարհին միանում են 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչմերուկում:

Նոյեմբերյան-Երեւան  շուրջ 200 կմ երկարությամբ  ճանապարհը  արագընթաց  «Մերսեդես» մակնիշի երթուղային միկրոավտոբուսները հաղթահարում են ավելի քան երեքուկես ժամում: Դրա պատճառն այն է , որ  երթուղին անցնում է   լեռներով ձգվող՝ Հարսնաքարի եւ Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհներով:

Բացի այդ՝ եթե նախկինում  տրանսպորտային միջոցները   Տավուշից Գեղարքունիքի մարզ  էին մտնում կարճ ճանապարհով՝ Դիլիջանի ավտոմոբիլային թունելով,այժմ վերանորոգման աշխատանքների պատճառով մեքենաները ստիպված են հաղթահարել նաեւ Դիլիջանի բոլոր ոլորանները,անցնել Սեմյոնովկա եւ Ծովագյուղ բնակավայրերով, ուր առավելագույն արագությունը, չգիտես ինչու,  ժամում 40 կմ է սահմանված:

Տարբեր գործերով Նոյեմբերյանից մայրաքաղաք մեկնողները տրտնջում են, որ Նոյեմբերյան-Երեւան ճանապարհը դարձել է  չարչարանց ուղի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս