Բաժիններ՝

Ադրբեջանցիք իրենց ներկայիս իշխանությանը սազական մի ասացվածք ունեն՝ «դրսից պալատ, ներսից՝ հավաբուն». Ա. Զաքարյան

Ադրբեջանցիք իրենց ներկայիս իշխանությանը սազական մի ասացվածք ունեն՝ «դրսից պալատ, ներսից՝ հավաբուն»: Իլհամ Ալիևի պալատական-զինվորական հավաբնում փաստորեն համաշխարհային ընդունված բոլոր արժեքները թարս են ընկալում: Այս մասին գրել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ Facebook–ի իր էջում։

Գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Ադրբեջանի, այսպես կոչված` պաշտպանության նախարարությունը, մեր երկրի Նախագահի խոսքերից ազդված (կարծում եմ՝ ավելի շատ վախեցած), «հերոսական» հայտարարություն է տարածել, իրենք իրենց գոտեպնդելու, բնականաբար մեզ վախեցնելու, ձեռքի հետ էլ միջազգային հանրության առջև մեզ «խայտառակ անելու» նպատակով:

Ադրբեջանցիք իրենց ներկայիս իշխանությանը սազական մի ասացվածք ունեն. «դրսից՝ պալատ, ներսից՝ հավաբուն»:

Իլհամ Ալիևի պալատական- զինվորական հավաբնում փաստորեն համաշխարհային ընդունված բոլոր արժեքները թարս են ընկալում:

Աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարողները, սեփական հայրենիքն ու ժողովուրդը թշնամու հարձակումներից ու սպանդից պաշտպանողները կոչվում են Հերոսներ, իսկ Ադրբեջանում՝ հանցագործներ: Ամբողջ աշխարհում քնած մարդուն կացնահարողը կոչվում է հանցագործ, իսկ Ադրբեջանում ազգային հերոս: Բացատրությունը մեկն է՝ քոչվորը չի կարող իմանալ՝ ինչ է Հայրենիքն ու Հերոսը:

Մեր պետության ղեկավարը պարզ, մատչելի ասաց, որ Հայաստանին ու Արցախին սպառնացող ցանկացած վտանգ ունենալու է համարժեք պատասխան, ընդամենը բերելով մեկ տեսակի հրթիռի օրինակ: Ադրբեջանական քարոզչամեքենան անմիջապես իր խեղճ ժողովրդին սկսեց բացատրել, որ չվախենան, որ իրենցն ավելի լավն է:

Ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանում որոշ արկածախնդիր պալատականների հիշողությունը կարճ է: Ղարաբաղում ժամանակին սովորական նռնականետով ադրբեջանական ռազմական ինքնաթիռներ են խոցվել, ադրբեջանական տանկերի մեծ մասը առաջին մեկ-երկու մարտերից հետո դարձել են հայկական և այլն:

Ուրեմն ոչ մի երաշխիք չկա, որ այսօրվա Ադրբեջանի զինանոցը, հայկականի հետ միասին չեն վնասի հենց ադրբեջանական ռազմավարական օբյեկտներին: Հետևաբար, հերթական ռազմատենչ հայտարարություն անելու փոխարեն մինչև կոկորդն արնաթաթախ Ալիևշինան լավ կանի, որ մտածի, թե հայկական կողմերի հետ համատեղ ինչպես պետք է գտնի երկարատև խաղաղության ճանապարհը:

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում, խաղաղության և գոյության համար պայքարում իրեն պարտադրված պատերազմներ շատ է տեսել ու մնացել է կանգուն: Իսկ Ադրբեջանի գոյության միակ ճանապարհը խաղաղությունն է, որովհետև ցանկացած պատերազմ կկործանի պաշտոնական Բաքվին և՛ դրսից, և՛ ներսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս