ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ. Սարգսյանի հիմնական ուղերձները տեղին էին, քանի որ գլխավոր շեշտը դրել է զինադադարի խախտման դեպքերի վրա
Օգոստոսի 10-ին Սոչիում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկու օր առաջ կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը, ընդհանուր առմամբ, իր արդյունքները տվեց՝ սահմանի լարումը նկատելիորեն նվազել է: Դրան հաջողվեց հասնել գլխավորապես հայկական զինված ուժերի պատրաստվածության շնորհիվ, ինչպես նաև ռազմական միջոցների կիրառման անընդունելիության վերաբերյալ ՀՀ և ՌԴ նախագահների կողմից կատարված հայտարարություններով:
Ի տարբերություն նրանց՝ Ալիևը ուղղակի հույս հայտնեց, որ հիմնախնդիրը կկարգավորվի սեղմ ժամկետներում ու խաղաղ միջոցներով: Սա նշանակում է, որ նա շեշտադրում է ստատուս քվոյի անընդունելիությունը և շտապեցնում փոխել այն՝ առանց անմիջականորեն բացառելու ռազմական միջոցների կիրառումը: Այսինքն՝ գլխավոր ուղերձն այս պայմաններում խաղաղության և իրենց «համբերության» ժամկետային սահմանափակության առկայությունն է:
Երկրորդը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին հղումն է, որը ևս մի հերթական փորձ է բանակցային գործընթացը հնարավորինս կապել ՄԱԿ-ի հետ: Կարծում եմ՝ վերջին օրերին Ադրբեջանի ռազմական ակտիվության նպատակներից մեկն էլ հենց կարող է լինել խնդրի քննարկումը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելը, քանի որ թեժ հակամարտությունների վերաբերյալ այն սովորաբար հանդես է գալիս գոնե հայտարարություններով: Այս անգամ, բարեբախտաբար, բանը չհասավ ԱԽ-ին, և ՄԱԿ-ը բավարարվեց գլխավոր քարտուղարի հայտարարությամբ:
Սարգսյանի հիմնական ուղերձները տեղին էին, քանի որ գլխավոր շեշտը դրել է զինադադարի խախտման դեպքերի վրա: Առավել հետաքրքիր էին նրա հարցազրույցի տողատակերը, որոնցից կուզենայի անդրադառնալ միայն «Աղդամի ավերակներ» արտահայտությանը: Այո՛, ուշագրավ և ադրբեջանցիների համար ցավոտ համեմատություն է կատարել, սակայն կա մի նրբություն, որի վրա պետք է ուշադրություն դարձնել այն մեկնաբանելիս:
Հայտնի է, որ ադրբեջանական քարոզչական թեզերից մեկն այն է, որ փորձում են համեմատություններ անցկացնել Աղդամի և Հերոսիմայի միջև, այնինչ դրանք խիստ տարբեր են, քանզի առաջինը, ի տարբերություն երկրորդի, ավերվել է ոչ թե ռազմական միջոցներով, միանգամից և քաղաքացիական բնակչության ոչնչացմամբ: Սարգսյանի խոսքը վերաբերում էր ոչ թե ավերակների վերածման խնդրին, այլ բուն ավերակների գոյությանը: Այնպես որ, պետք է զգույշ լինել այս հատվածը մեկնաբանելիս և ադրբեջանական քարոզչության ջրաղացին ջուր չլցնել»: