«Կ. Պետրոսյանի դիակը պետք է հայրենադարձվի առանց որեւէ նախապայմանի, որից հետո չի բացառվում քրեական գործի հարուցումը». ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ադրբեջանական Աղբուլաղ գյուղում հայտնված ու հաջորդ օրը, ըստ ադրբեջանական վարկածի, իբր հանկարծամահ եղած Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակի հայրենադարձման ուղղությամբ այս պահին բանակցություններ են տարվում, այս մասին մեզ փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Ըստ նրա՝ այս պահին կոմիտեն երկխոսության մեջ է ինչպես հայաստանյան, այնպես էլ ադրբեջանական իշխանությունների հետ.
«Մենք առաջարկել ենք մեր դերը որպես միջնորդ, եթե մարմնի հայրենադարձման հարցը ծագի, սակայն պետք է կողմերը համաձայնության գան, որպեսզի մենք կարողանանք մեր անկախ միջնորդի դերն իրագործել: Պետք է որոշակի համաձայնություն լինի, սակայն մենք էլ երկխոսության մեջ ենք եւ այս, եւ այն իշխանությունների հետ, որպեսզի նմանատիպ հարցերն ունենան իրենց առաջընթացները, խոսքը գնում է հայրենադարձման մասին, ուրիշ տարբերակներ չկան»,- ասաց Զառա Ամատունին: ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե հայկական կողմի պահանջն այս պահին հստակ է՝ վերադարձնել ՀՀ քաղաքացու դին առանց որեւէ պայմանի կամ նախապայմանի.
«Այս պահին առարկայական ոչինչ չկա, մենք պնդում ենք, որպեսզի իր դիակը վերադարձնեն, փորձաքննություն կիրականացվի դիակը վերադարձնելուց հետո: Մեր պահանջը այս պահին դիակը վերադարձնեն, որպեսզի ակցկացնենք միջազգային փորձագիտական հետաքննություն, քանի որ գտնում ենք, որ վարկածը, իրենց նշած մահվան պատճառն անհեթեթություն է»,- մեզ փոխանցեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն էլ մեզ փոխանցեց, որ այս պահի դրությամբ բանակցություններում դրական տեղաշարժ չկա, ադրբեջանական կողմը որեւէ կերպ չի արձագանքել հայ գերու դին վերադարձնելու հայկական կողմի պահանջին:
Մանրամասներն՝ այստեղ