Մեկնարկում է սողանքների կառավարման հայ-ճապոնական նոր ծրագիր
ՀՀ ԱԻ նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ համատեղ սկսում է իրականացնել «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը:
Օգոստոսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն ստորագրեցին ծրագրի ընթացքը կարգավորող արձանագրություն:
ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդգծեց, որ սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է.
– Բոլորը, երևի թե, հիշում են Հայաստանում սողանքի վերջին, խոշոր դեպքը Տավուշի մարզում, որտեղ մենք 5 զոհ ունեցանք: ՀՀ տարածքում սողանքային գոտիները շատ են, բայց սա մեր երկիրն է, մեր հայրենիքը, և մենք պիտի սովորենք հաշտ ապրել բնության հետ: Ճապոնական գործակալության հետ մենք մի քանի արդյունավետ ծրագիր ենք իրականացրել, որի համար շնորհակալություն եմ հայտնում և կարծում եմ, որ այս ծրագիրը նույնպես արդյունավետ կլինի:
ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն իր ելույթում նշեց, որ ԱԻ նախարարության հետ համագործակցությունը միշտ ազնիվ է եղել.
– 2010 թ. մենք տեխնիկական աջակցություն ենք տրամադրել նախարարությանը (28 նոր, ժամանակակից հրշեջ մեքենա), իսկ հետո իրականացրել ենք սեյսմիկ ռիսկի գնահատման եռամյա ծրագիր: ԱԻ նախարարության նախաձեռնողականության և լուրջ աշխատանքի շնորհիվ մենք շատ լավ արդյունքներ ենք գրանցել: Հուսով ենք, որ այս անգամ էլ այդպես կլինի:
Ծրագրի նպատակը Հայաստանում սողանքների պատճառած վնասի նվազեցումն է՝ սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի ձևակերպման և սողանքային աղետի ռիսկերի հետազոտության/գնահատման արդյունքների հիման վրա մշակված միջոցառումների իրականացման միջոցով: Ծրագրում ընդգրկված են նաև ՀՀ տարածքային կառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունները, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը:
Արդյունքում՝
• կուսումնասիրվեն ՀՀ սողանքավտանգ տեղամասերը և կթարմացվի սողանքների վերաբերյալ առկա տեղեկատվական բազան.
• կկազմվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլան, կմշակվեն սողանքային աղետի կառավարման ուղեցույցեր, ինչպես նաև կբարելավվեն միջոցառումների համար անհրաժեշտ իրավական ակտերն ու կանոնակարգերը.
• կբարելավվի մոնիտորինգի, կանխարգելիչ, անհետաձգելի և երկարաժամկետ միջոցառումների իրականացման համակարգի գործունեությունը:
Ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքն է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար, ճապոնական գործակալության կողմից կտրամադրվի տեխնիկական աջակցություն, ինչպես նաև սողանքավտանգ 2-3 տեղամասում կիրականացվի սողանքների կանխարգելման պիլոտային ծրագիր:
Հանդիպման ավարտին Իիդա Ջիրոն ԱԻ նախարարի ուղեկցությամբ այցելեց նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն` ծանոթանալով դրա կառուցվածքին, առաքելությանն ու տեխնիկական զինվածությանը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն