«Պատերազմն ավարտված չէ»
«Ռուսսկայա պլանետա» հանդեսը օգոստոսի 4-ին «Պատերազմը ավարտված չէ» վերնագրով ծավալուն նյութ է հրապարակել վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացման վերաբերյալ, ուր ներկայացված են նաև հայ, ռուս և ադրբեջանցի գործիչների տեսակետները: Մասնավորապես, մեկնաբանություններով հանդես են եկել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի) նախագահ Յուրի Նավոյանը, ՀՀ-ում ՌԴ առաջին դեսպան Վ. Ստուպիշինը, քաղաքագետ Ա. Արեշևը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռ. Մուսաբեկովը, ռոզմական փորձագետ Կ. Սիվկովը, ԼՂՀ ԱԳՆ խորհրդական Ռ. Զարգարյանը: Ներկայացնում ենք Յուրի Նավոյանի մեկնաբանությունը:
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը կարծում է, որ տարածաշրջանում ստեղծված բարդությունները ընդհանուր առմամբ պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակի անկայունությամբ: «Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, ոմանք կարծում են, որ իրենց թույլատրված է իրավիճակը փոխել ուժային ճանապարհով», – ասում է քաղաքական գործիչը: Նրա խոսքերով, Ադրբեջանը Բիշքեքի արձանագրության ստորագրման պահից սկսած սպառնում է անցնել ռազմական գործողությունների և ուժեղացնում է սպառազինությունը:
«Արդեն 20 տարի է, ինչ ԵԱՀԿ շրջանակում ընթանում է բանակցային գործընթացը, որին զուգահեռ Բաքուն ակտիվ ռազմատենչ քաղաքականություն է վարում», – պարզաբանում է Նավոյանը: Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի կողմից ռազմական սպառնալիքը ոչ միայն վտանգ է Լեռնային Ղարաբաղի, այլ նաև ողջ կովկասյան տարածաշրջանի համար, իսկ հակամարտության թեժացումը կարող է խնդրի վերածվել Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար: Հայաստանին և Ռուսաստանին կապում են բազմաթիվ ռազմա-քաղաքական պայմանավորվածություններ, որոնց համաձայն սպառնալիքի դեպքում Մոսկվան պետք է աջակցություն ցուցաբերի Երևանին: