Արամ Հարութունյան. Հայաստանում հիմա այն վիճակը չէ, որ նախագահը պիտի գնա հանգստանալու

«Հայաստանում հիմա այն վիճակը չէ, որ նախագահը պիտի գնա հանգստանալու: Հրաժարական տվեք, թող ամբողջ ժողովուրդը հանգստանա ձեզանից: Սերժ Սարգսյանը այդ մեկ օրվա հանգստանալու ծախսը բավական էր, որպեսզի այդ ընտանիքներին գումարներ տային, երևար, որ հանրապետության նախագահը այդ ընտանիքների կողքին է: Թող գնար սահման, գիշերեր այնտեղ, որ հասկանան, որ նախագահը կա, գլխավոր հրամանատարը կա և իրենց կողքին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգայնի համաձայնություն կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:

Խոսելով եռանախագահների հանդիպումից՝ Ա. Հարությունյանը նշեց, թե իր եզրահանգումն այն էր, որ Հայաստանը ընդունում է ՄԱԿ-ի բանաձևերը. «Իսկ դա մեզ ձեռք չի տալիս: Մեր բախտը բերում է նրանով, որ Ալիևն էլ տենց չի փայլում խելքով: Ինքը կարող էր պատասխանել՝ դե եկեք մոռանանք Մինսկի խումբը, Ռուսաստանն էլ դառնա մեր քավորը, իրագործենք ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը: Ղարաբաղյան հարցի հետ կապված իրավական բազան արդյոք հանդիսանո՞ւմ են ՄԱԿ-ի ընդունած բանձևերը: Դրանք հաստատ ամենավատ բանաձևերն են, որ ընդունված են Հայաստանի դեմ»: Եռանախագահների հանդիպման արդյունքները, ըստ Ա. Հարությունյանի՝ կարելի է այսպես ամփոփել՝ Ալիևն էլ է համաձայն հարցը խաղաղ ճանապարհով լուծել, մենք էլ ենք համաձայն, Պուտինն էլ շատ ուրախ է: Միաժամանակ ֆիքսվեց այն, որ իրավական բազան ՄԱԿ-ի ընդունած բանաձևերն են:

Իսկ այն, թե ինչ է խոսացել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում, այնքան էլ կարևոր չէ և հայկական դիվանագիտությունն է տարել փակուղի ղարաբաղյան հարցը. «Ընդհանրապես Հայաստանի վարկանիշը ցածր է: Պատճառը դա է, որ մենք չենք ունեցել դիվանագիտություն: Լավ, եթե Ալիևը չէր խոսում ՄԱԿ-ի բանաձևերի մասին, ի՞նչ էր ասելու Սերժ Սարգսյանը: Չերևաց, թե ովքեր են սկզբից խախտել սահմանը, ովքեր են փորձում պատերազմի միջոցով լուծել այս խնդիրը»,- նշեց Արամ Հրաությունյանը:

Ինչ վերաբերում է գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալմանը, ապա Արամ Հարությունյանը չի համարում, որ Պուտինը տեղյակ չի եղել դրանից, կամ չէր ճանաչում Լ. Հայրապետյանին: «Արդեն մեկ ամիսը լրանում է, նոր են հայաստանյան իշխանությունները արձագանքում, երբ վաղուց էր պետք դա անել: Այն դեպքում, երբ Լևոն Հայրապետյանը այն բարերարն է եղել, որը շենացրել է Արցախը: Չեմ կարծում, որ Պուտինը իրեն չճանաչեր, առավել ևս՝ այդ աղմկահարույց գործի հետ կապված»,- ասաց նա:

Արամ Հարությունյանը կասկածներ ունի, որ Հայաստանի իշխանություններն այնքան էլ շահագրգռված չեն, որ Լևոն Հայրապետյանի անգամ խափանման միջոցը փոխվի. «Մենք գիտենք, որ նա ունի առողջական խնդիրներ, իսկ առողջական խնդիրներն այնպիսին են, որ անգամ մեկ հիվանդությունը բավական է, որպեսզի խափանման միջոցը փոխեին»:

Տեսանյութեր

Լրահոս