Բաժիններ՝

Բնապտեսչությունը խախտումներ է հայտնաբերել

Հայաստանի բնապահպանության նախարարության՝ օգոստոսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.5մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում եւ հաշվարկվել է 847.57 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված` անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 19.4 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 70.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանի տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները մեքենայով առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել են 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300 հազար դրամ գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 473.27 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 38.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված հինգ եւ բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքերի գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում: Հաշվարկվել է 45 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նույնատիպ խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 112 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավել է երեք հատ խեցգետնաորսիչ: Առգրավված 1.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել ջրամբար:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնագողության համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 89 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Երեւանի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4 մլն դրամ գումար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս