Սահման մեկնողները կարող են նույնիսկ խանգարել այնտեղ կանգնածներին. «Հրապարակ»
«Այսպիսով, երկշաբաթյա պինդ մարտերից հետո սահմանը երեկվանից հանգիստ է, այնքան հանգիստ, որ Սերժ Սարգսյանը երեկվանից մեկնել է արձակուրդ՝ անմիջապես Սոչիից վերադառնալուց հետո» գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
««Հաղթանակը» տրվեց ազգովի պայքարի արդյունքում. անցած օրերին սահմանին կատարվող իրադարձությունների ֆոնին ով ինչպես կարողանում էր, պայքարում էր` կռվելու պատրաստ խմբեր էին մեկնում սահման, եւ քննադատում էին նրանց, ովքեր չեն գնում:
Սահման մեկնելու հայտարարություններ հնչեցին Արցախյան պատերազմի վետերանների միության կողմից, Շուշիի վետերան ազատամարտիկների, «Նժդեհ» ջոկատի, նույնիսկ Քաշաթաղի սիրիահայերի անունից: Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանի համար անհասկանալի է՝ ո՞ւր են մեկնել այս խմբերը՝ զորամասե՞ր, սահմա՞ն, թե՞ ընդամենը սահմանամերձ գյուղեր։
«Ինձ էլ են շատ մարդիկ դիմել, բայց ոչ մի խումբ կամ անհատ չի եկել զորամաս, որովհետեւ ես խորհուրդ եմ տվել ներկայանալ հաշվառման, որպեսզի, երբ անհրաժեշտ լինի, նրանց կարիքը զգացվի, տեղյակ պահեն»,- ասում է հրամանատարն ու բացատրում, որ բանակը ստրատեգիական կառույց է եւ ունի իր կանոնադրությունը, եւ «ազատ ելումուտ անել» այստեղ չի կարելի ու հնարավոր չէ.
«Եթե այդ մարդիկ շատ են ցանկանում, թող մեկնեն գյուղեր, պարեկություն սահմանեն գյուղացիների կողքին, ոգին բարձրացնեն, նրանց կողքին լինեն, բայց առաջնագծում մենք նման խնդիր չունենք եւ մեր անձնակազմով կատարում ենք մեր առջեւ դրված խնդիրներն ու պարտականությունները»: Ավելին՝ թեժ գծում կանգնած զորամասի հրամանատարը կարծում է, որ կամովին սահման մեկնողները կարող են նույնիսկ խանգարել այնտեղ կանգնածներին»։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։