Ճանապարհային ոստիկանության 4 ծառայողների լիազորությունները կասեցվել են
Ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն` ներքին անվտանգության վարչությունը պարբերաբար ստուգում է ճանապարհային ոստիկանության ծառայությունը: Եվ դարձյալ ի հայտ են բերվել խախտում կատարած աշխատակիցներ: Մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի, տեսուչներ` Խաչատուր Սիմոնյանի, Ռուստամ Ավետիսյանի և Ռազմիկ Ասատրյանի ծառայության ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Խախտումները նաև նկարահանվել են: Տեսուչները քաղաքացիների հետ վարել են անհարկի խոսակցություններ, արձանագրություն չեն կազմել կանոնները խախտած վարորդների նկատմամբ, քաղաքացիներին թույլ են տվել նստել ծառայողական մեքենան, առանց անհրաժեշտության իրենք են խախտել երթևեկության կանոնները, լուսաթարթիչները չեն միացրել շարք փոխելիս, իրենց ծառայողական մեքենան կանգնեցրել են երկրորդ շարք և այլն:
Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ավագ լեյտենանտ Ռուստամ Ավետիսյանի, լեյտենանտ Ռազմիկ Ասատրյանի, մայոր Կարեն Գևորգյանի և ավագ լեյտենանտ Խաչատուր Սիմոնյանի լիազորությունները կասեցվել են, ներքին անվտանգության վարչությունը սկսել է ծառայողական քննություն:
Ոստիկանությունը վստահեցնում է, որ հետամուտ է իր շարքերը մաքրելու բոլոր նրանցից, ովքեր արատավորում են իրավապահի պատիվն ու արժանապատվությունը: Համակարգի բարոյահոգեբանական մթնոլորտի բարեփոխման խնդիրը մշտապես ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Ստուգումները կրելու են շարունակական բնույթ: