ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առթիվ.

«Միավորված ազգերի կազմակերպության նոր հրատարակություններից մեկի համաձայն՝ աշխարհի երիտասարդ բնակչության 20 տոկոսն ամեն տարի հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունենում: Ռիսկերը հատկապես մեծ են, երբ նրանք մանկությունից չափահաս տարիքի անցման փուլում են: Խարանը եւ ամոթը հաճախ ավելի են խտացնում խնդիրը՝ թույլ չտալով, որ նրանք գտնեն իրենց անհրաժեշտ աջակցությունը: Երիտասարդության այս տարվա միջազգային օրը նշելիս Միավորված ազգերի կազմակերպությունը ցանկանում է օգնել այն վարագույրի հեռացմանը, որը երիտասարդներին պարփակում է մեկուսացման եւ լռության խոռոչում:
Խոչընդոտները կարող են չափազանց բարդ լինել՝ մասնավորապես այն երկրներում, որտեղ հոգեկան առողջության խնդիրը անտեսվում է, եւ հոգեկան առողջության ծառայություններում ներդրումները խիստ սահամանփակ են: Շատ հաճախ անտեսման եւ իռացիոնալ վախի պատճառով հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձինք մեկուսացվում են ոչ միայն զարգացման քաղաքականությունների եւ ծրագրերի մշակման ու իրականացման հարցում որեւէ դերակատարումից, այլեւ նույնիսկ հիմնական խնամքից: Սա նրանց ավելի խոցելի է դարձնում աղքատության, բռնության եւ սոցիալական մեկուսացման նկատմամբ եւ բացասական ազդեցություն է ունենում հասարակության՝ որպես ամբողջության վրա:

Այն երիտասարդները, որոնք արդեն իսկ համարվում են խոցելի, ինչպիսիք են անտուն երիտասարդները, անչափահասների արդարադատության համակարգում ընդգրկված երիտասարդները, մանկատներում գտնվող եւ կոնֆլիկտային իրավիճակներով անցած երիտասարդները, հաճախ ավելի ենթակա են խարանի եւ այլ խոչընդոտների, որոնք նրանց ավելի անպաշտպան են դարձնում հենց այն ժամանակ, երբ նրանք ամենից ավելի ունեն աջակցության կարիք: Եկեք հիշենք, որ հասկացվելու եւ աջակցության պայմաններում այս երիտասարդները կարող են ծաղկել՝ արժեքավոր ներդրումներ կատարելով մեր ընդհանուր ապագայի կառուցման գործում:

Ընդամենը 500 օր է մնացել մինչեւ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու վերջնաժամկետը: Մենք պետք է աջակցենք բոլոր երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր խոցելի են, որ հաջողության հասնեն այս պատմական արշավում:

Անհրաժեշտ են լայնածավալ ջանքեր բոլոր մակարդակներում՝ բարձրացնելու իրազեկվածության մակարդակը հոգեկան առողջության խանգարումներով երիտասարդներին աջակցելու եւ նրանց ուղղված ներդրումների կարեւորության մասին: Կրթական մակարդակի բարձրացումը վճռորոշ նշանակություն ունի խարանի վերացման եւ առողջության մեր ընկալումն ու դրա մասին արտահայտվելու մեր կերպը փոխելու հարցում:

Հոգեկան առողջությունն այն է, թե ինչպես ենք մենք զգում. դա մեր հույզերն է ու մեր ինքնազգացողությունը: Բոլորս պետք է հոգ տանենք մեր հոգեկան առողջության մասին, որպեսզի բավարարություն պարգեւող կյանքով ապրենք: Եկեք սկսենք խոսել մեր հոգեկան առողջության մասին նույնկերպ, ինչպես որ խոսում ենք մեր ընդհանուր առողջության մասին:

2014 թ. Երիտասարդության միջազգային օրը նշելով՝ եկեք երիտասարդերի համար ստեղծենք հոգեկան առողջության պայմաններ, որպեսզի նրանք գիտակցեն իրենց ողջ ներուժը, եւ եկեք ցույց տանք, որ հոգեկան առողջությունը կարեւոր է բոլորիս համար»:

Տեսանյութեր

Լրահոս