Տիգրան Ուրիխանյանը հույս ունի, որ Սոչիի հանդիպումից հետո լարվածությունը կթուլանա

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանը նշեց, որ ինքն իր տպավորություններից չի ուզում խոսել, որովհետև քաղաքականության մեջ տպավորությունները երկրորդական, երրորդական, անէական նշանակություն ունեն. «Կարևորն այն փաստերն ու հանգամանքներն են, որոնք իրապես տեղի կունենան, կամ տեղի են ունենում»,- ասաց նա:

Հարցին, թե այդ հանդիպումն ինչպե՞ս կանդադառնա սահմանում տիրող լարված իրավիճակի վրա, Տ. Ուրիխանյանն այսպես պատասխանեց. «Ես ուզում եմ հուսալ, որ որևէ բան կփոխվի, այսինքն՝ լարումը կգնա դեպի նվազում: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի մարտավարությանը, ռազմավարությանը, հռետորաբանությանը՝ հռչակվող նրանց կողմից, ապա չեմ տեսնում որևէ փոփոխություն, նրանց ազդեցության ենթարկելու իմաստով՝ ես չեմ տեսնում ոչինչ: Ժամանակը, առաջիկա իրադարձությունները ցույց կտան, թե ինչ է տեղի ունենում»:

Հարցին, թե ի՞նչն է ձեզ հույս ներշնչում, որ այդ հանդիպումից հետո լարվածությունը կթուլանա, ԲՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես, առհասարակ, ուզում եմ հավատալ կողմերի, միջնորդ մանդատ ունեցող կազմակերպությունների և պետությունների ողջամտությանը: Ուզում եմ հուսալ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը (որի նախագահը նախաձեռնել էր հանդիպումը) ազդեցություն կունենան՝ իրենց իսկ շահերից ելնելով:

Տարածաշրջանային խաղաղությունը բոլորի շահերի համատեքստում է դիտարկվում, իսկ պատերազմը, բնականաբար, հակառակն է և՛ տարածաշրջանային, և՛ միջնորդ պետությունների շահերին: Այդ պատճառով, առհասարակ, ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի:

Ուզում եմ կրկնել, որ պետք է պատաստ լինել ցանկացած իրավիճակի: Հայաստանի Հանրապետությունը պետք է հզորացնի, զարգացնի, մասնավորապես՝ պաշտպանական համակարգը, որպեսզի թշնամին, հակառակորդը միշտ գիտակցի, որ ցանկացած վնաս երկրին կամ Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ, անգամներով ավելի բարդ ու վատ հետևանքների կբերի իրենց իսկ համար:

Իսկ Ադրբեջանի ժողովուրդը պետք է անընդհատ գիտակցի, որ սեփական վերարտադրումն ու գոյությունը արդարացնելու այլ հնարավորություն չունեցող ալիևյան ռեժիմը, որն այդ իսկ գոյությունը հիմնավորում է Հայաստանի հանդեպ ագրեսիայով և դաժանությամբ, իրենց իսկ բերելու է կորուստներ՝ և՛ նյութական, և՛ մարդկային, և՛ վարկաբեկվելու, և՛ խայտառակվելու են ամբողջ աշխարհում, ադրբեջանցուն մարդիկ դիտարկելու են որպես պոտենցիալ կացնահարող, դանակահարող, սպանող, գազան, ահաբեկիչ և այլն»:

Հարցին էլ, թե թե Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս ներկայացավ հանդիպմանը, ինչպե՞ս եք գնահատում նրա կողմից հնչեցված հարցադրումներն ու պատասխանները հանդիպման ժամանակ, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Նախ և առաջ, պաշտոնական տեղեկատվությունը շատ սահմանափակ էր և թույլ չի տալիս վերլուծություն անել դրա մասին, հետո էլ, ճիշտ կլինի մեկնաբանություն տան իր կողմից լիազորված անձինք»:

Տեսանյութեր

Լրահոս