Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհրդի հայտարարությունը
Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետությունը, որպես Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան ներկայացուցիչ, անվտանգության ապահովման պարտավորություններ ունի իր բոլոր քաղաքացիների, և հատկապես այն ազգային փոքրամասնությունների առջև, որոնք սեփական պետություն չունեն: Հայաստանյան այդ փոքրամասնությունները երկուսն են՝ ասորիները և եզդիները: Այսօր, երբ Իրաքում տեղի է ունենում եզդի ժողովրդի ցեղասպանություն, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ՄԱԿ-ում հանդես գալ որպես եզդի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպան և ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջելով.
1. Կտրուկ, այդ թվում՝ զինված միջամտություն՝ եզդի ժողովրդի ցեղասպանությունը դադարեցնելու նպատակով,
2. Միջազգային երաշխավորված հնարավորություններ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա հումանիտար բազմակողմանի օգնություն ցույց տալ Իրաքի եզդի ժողովրդին,
3. Միջազգային օժանդակություն՝ Հայաստանում ապաստանել ցանկացող իրաքյան եզդիներին Հայաստան տեղափոխելու համար, որը նաև նրանց հայաստանյան հայրենակիցների լիիրավ Հայրենիքն է:
Հայ ժողովուրդը 100 տարի առաջ ապրել է ցեղասպանության արհավիրքները, և միջազգային իրավունքի սուբյեկտ Հայաստանի պետությունն այսօր պարտավոր է բոլոր հնարավոր միջոցներով սատարել իր եզդի քաղաքացիների՝ մեծագույն ողբերգության մեջ հայտնված ցեղակիցներին»: